Փսորիազը տարածված մաշկային հիվանդություն է, որը հանգեցնում է մաշկի վրա՝ ավելի հաճախ ծնկների, արմունկների, գլխամաշկի, մեջքի շրջանում թեփուկավոր բծերի առաջացման։ Այդ բծերը սպիտակ մաշկի վրա կարմրավուն տեսք ունեն, իսկ մուգ մաշկի վրա՝ մանուշակագույն կամ ավելի մուգ երանգի են լինում։
Այս հիվանդության հետ կապված բավականին շատ թյուրըմբռնումներ կան, որոնց անդրադարձել են Medical News Today-ի փորձագետները՝ խոսելով փսորիազին առնչվող տարածված «առասպելների» մասին։
1․ Փսորիազը վարակիչ է
Այդ կարծիքը թյուրըմբռնում է, քանի որ փսորիազն աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը ոչ ադեկվատ պատասխան է տալիս՝ արտադրելով մաշկի չափից ավելի բջիջներ։
Փսորիազով չի կարելի վարակվել անձնական շփման արդյունքում, համբուրվելիս կամ համատեղ սնունդ օգտագործելիս, միևնույն լողավազանից օգտվելու ժամանակ։
Կարդացեք նաև
2․ Փսորիազը պարզապես մաշկի չորություն է առաջացնում
Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մաշկի բջիջները սովորաբար թարմանում են 28 օրը մեկ, իսկ փսորիազի դեպքում դա կարող է տեղի ունենալ 4-5 օրվա ընթացքում, և այդ կարճ ժամանակահատվածում մաշկի բջիջները չեն հասցնում լիովին հասունանալ՝ առաջացնելով թեփուկներ։
Ինչպես նշում են փորձագետները, արյունատար անոթների դիրքը ևս փոփոխության է ենթարկվում փսորիազի դեպքում․ դրանք ավելի մոտ են տեղակայվում մակերեսին, ինչի պատճառով մեծանում է վնասվածքների, արյունահոսության, մաշկի կարմրության ու ցավոտության վտանգը։
Ծանր դեպքերում փսորիազը կարող է հանգեցնել մաշկի ճաքերի, ցավերի ու արյունահոսության առաջացման։
3․ Փսորիազը միայն մի տեսակի է լինում
Սա նույնպես թյուրըմբռնում է, քանի որ կան փսորիազի մի շարք տարատեսակներ, այդ թվում՝ վահանիկային փսորիազը, որն առաջացնում է հաստ թեփուկներով ծածկված մաշկից բարձրացած բծեր: Մեկ այլ տարատեսակ է կաթիլանման փսորիազը, որի բծերը կաթիլ են հիշեցնում ու բարակ թեփուկներով են պատված լինում։
Հակադարձ փսորիազը հիմնականում ախտահարում է սեռական օրգանների, աճուկի, կրծքի մաշկային ծալքերը։
Էրիթրոդերմիկ փսքրիազը հազվադեպ հանդիպող տեսակ է, որը կարող է գրեթե ողջ մարմինը ծածկել կարմիր թեփոտվող բծերով:
Բշտիկավոր (պուստուլոզ) փսորիազը նույնպես հազվադեպ տեսակ է, որն առաջացնում է թարախով լցված բշտիկներ:
4․ Փսորիազն առաջանում է վատ հիգիենայի պատճառով
Դա նույնպես թյուրըմբռնում է։ Իրականում փսորիազ ունեցող մարդիկ ստիպված են ավելի ջանասիրաբար վերաբերվել իրենց մարմնի խնամքին։
5․ Փսորիազը բուժվող է
Ներկայումս փսորիազը վերջնական բուժում չունի, սակայն գիտնականները շարունակում են ուսումնասիրություններն այս հիվանդության հետ կապված։ Այժմ կան բուժման մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել փսորիազի ախտանշանները և ընտրվում են՝ կախված դրանց ծանրությունից։ Կարող են կիրառվել շատ տարբեր միջոցներ՝ տեղային օգտագործման միջոցներ, լուսային թերապիա, բերանային (օրալ) կամ ներարկային դեղամիջոցներ:
Քանի որ փսորիազը քրոնիկ հիվանդություն է, մարդը, հնարավոր է, ժամանակ առ ժամանակ կարիք կունենա բժշկի հետ խորհրդակցելու՝ փսորիազի բուժման պլանը փոփոխությունների ենթարկելու համար։
6․ Փսորիազն ախտահարում է միայն մաշկը
Հիվանդության ազդեցությունն ավելի ակնհայտ է մաշկի վրա, սակայն փսորիազը մաշկից բացի կարող է ախտահարել հոդերը՝ առաջացնելով փսորիազային հոդաբորբ (արթրիտ), որն առաջացնում է հոդերի և հարակից շրջանների ցավ, կարկամություն և այտուցվածություն։ Ֆիզիկական հետևանքներից զատ փսորիազը նաև հոգեբանական ազդեցություն ունի, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, փսորիազ ունեցող մարդիկ ավելի հաճախ են առնչվում տագնապի, դեպրեսիայի, ցածր ինքնագնահատականի ու անինքնավստահության հետ։ Դա նշանակալի ազդեցություն է ունենում այդ խնդիրն ունեցող մարդկանց կյանքի որակի վրա։
7. Փսորիազն ախտահարում է միայն մեծահասակներին
Թեև փսորիազն ավելի հաճախ է հանդիպում մեծահասակների շրջանում, բայց հանդիպում է նաև դեռահասության շրջանում և կարող է պատահել անգամ երեխաների մոտ։
8. Փսորիազն ու էկզեման նույն խնդիրն են
Թեև և՛ փսորիազի, և՛ էկզեմայի նախանշանները մաշկային են, դրանք բացարձակապես տարբեր վիճակներ են։ Էկզեմայի հիմքում հաճախ ալերգիկ ռեակցիան է, ժառանգական նախատրամադրվածությունը, ի տարբերություն փսորիազի, որն աուտոիմունային հիվանդություն է։ Էկզեման ավելի հաճախ է հանդիպում երեխաների մոտ ու ժամանակի ընթացքում կարող է անցնել։ Իսկ փսորիազն ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ և դառնում է ողջ կյանքի ուղեկից։ Դրանից բացի էկզեման սովորաբար դրսևորվում է արմունկների ու կրունկների ծալվող մասերում, իսկ փսորիազը՝ արտաքին հատվածներում։
9. Սննդակարգի փոփոխությունը կարող է նպաստել փսորիազի բուժմանը
Ապացույցներ չկան, որ որևէ դիետա կարող է բուժել փսորիազը։ Սակայն առողջ ապրելակերպի անցնելը, քաշը նվազեցնելն ու կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են դրական անդրադառնալ ընդհանուր առողջության, այդ թվում փսորիազի ընթացքի վրա։ Հայտնի է, որ այնպիսի գործոնները, ինչպիսիք են ճարպակալումը, ծխելն ու ալկոհոլը, կարող են սրել փսորիազի ախտանշանները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today