Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների

Ապրիլ 25,2024 22:31

Համատեղ հրատապ հայտարարություն

Իրավիճակի նկարագրությունը

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները պարտավորվում են միակողմանի տարածքային զիջումներ անել1։ Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ աշխատանքների արդյունքում Հայաստանը ստանալու է «անվտանգային ռիսկերի նվազեցում»[1]։

Գործընթացը համարելով միակողմանի զիջում՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի և Հանրապետության այլ վայրերի բնակիչներ ձեռնարկեցին խաղաղ հավաքներ և քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք դեռ շարունակվում են։

Հավաքների կազմակերպիչները և մասնակիցները բազմազան են՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներից մինչև խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ, քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ։

Ի պատասխան խաղաղ հավաքների՝ իրավապահ մարմինների և իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող խմբերի կողմից տեղի են ունենում իրավունքի անհարկի միջամտություններ, բռնություններ և հետապնդումներ։

Հավաքների և միջամտությունների ամփոփ նկարագրությունը

Ապրիլի 21. Բագրատաշեն տանող ճանապարհին անցկացվող հավաքի ընթացքում մասնակիցները, որոնց մեջ էին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամները, արգելափակել էին երթևեկությունը՝ այդ կերպ բողոք հայտնելով սահմանազատման ներկա գործընթացին։ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) ամենագնացի վարորդը փորձել էր ճեղքել ցուցարարների շղթան՝ մեքենան վարելով ուղիղ ցուցարարների վրա։ Հավաքի մասնակիցներն, այնուամենայնիվ, թույլ չէին տվել մեքենային անցնել, որից հետո ԵԿՄ անդամներից մեկը հարձակվել էր ցուցարարների վրա և տեղի էր ունեցել ընդհարում[2]։ Միջադեպից հետո ձերբակալվել էին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության 7 անդամ, նրանցից մեկը կալանավորվել է[3]։

Ապրիլի 22. գրեթե նույնական միջադեպ էր տեղի ունեցել Նոյեմբերյանում՝ ԵԿՄ ամենագնացը, կրկին, վարել էր փողոցը փակած ցուցարարների ուղղությամբ։ Դրա հետևանքով ցուցարարներից մեկը ստացել էր գլխի վնասվածք, ևս մեկը՝ ոտքի կոտրվածք[4]։ Հարկ է նշել, որ ԵԿՄ նախագահը ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի աջակից, «Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ Սասուն Միքայելյանն է[5], որը փաստացի արդարացրել էր իր գլխավորած կազմակերպության անդամների վարքը[6]։

Նույն օրը ոստիկանությունը կանգնեցրեց Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) աջակիցների ավտոշարասյունը, որոնք մեկնում էին Տավուշ՝ հավաքներին մասնակցելու նպատակով։ Ոստիկանության պատճառաբանությունն այն էր, որ ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունեն[7], մինչդեռ նման սահմանափակում ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի։ Գործողությունների արդյունքում բերման ենթարկվեց ԱԺԲ աջակից Միսակ Կեպենյանը[8]։

Ապրիլի 23, երեկո․ ոստիկանությունը մեծաքանակ ուժերով դադարեցրեց Նոյեմբերյանում անցկացվող հավաքը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների[9]։ Հավաքների ակտիվ մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվեց[10]։ Մասնակիցներից ևս մեկը՝ պահեստազորի փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը ոստիկանների բռնությունների հետևանքով ստացավ գլխուղեղի ցնցում և տեղափոխվեց հիվանդանոց[11]։

Ապրիլի 24․ ոստիկանությունը անհարկի միջամտեց Երևանի կենտրոնով անցնող ԱԺԲ կազմակերպած երթին։ Մաշտոցի պողոտա հասնելուն պես, առանց պարզաբանման, ոստիկանությունը պահանջեց երթի մասնակիցներին դուրս գալ փողոցից[12]։ Այնուհետև, ոստիկանության մեծաքանակ ուժերը կամայականորեն բերման ենթարկեցին երթի 96 մասնակցի[13]։ Ոստիկանության գործողությունները ուղեկցվում էին անհամաչափ, կոպիտ ուժի կիրառմամբ: Ըստ ԱԺԲ-ի՝ ոստիկանության բաժիններում իրենց աջակիցները, ներառյալ Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը և Խաչատուր Եփրեմյանը ծեծի են ենթարկվել[14]։ Հարկ է նշել, որ երթը պատշաճ իրազեկված էր և Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված[15]։

Ապրիլի 25-ին քրեական մեղադրանք առաջադրվեց նախօրեին Հայոց Ցեղասպանության համալիրում ԱԺԲ կողմից իրականացված հավաքի մասնակիցների նկատմամբ, ձերբակալվել են 7 անձ[16]։

Կազմակերպությունների կոչը

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխիքները պետք է գործեն ողջ ծավալով՝ անկախ երկրում առկա քաղաքական լարվածությունից և այլ հանգամանքներից։ Հաշվի առնելով նկարագրված դեպքերը և ընթացիկ իրադարձությունները, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հարկ են համարում հիշեցնել․

  1. Ոչ բռնի քաղաքացիական անհնազանդությունը խաղաղ հավաքների ազատության տիրույթում է, եթե անգամ մասնակիցների գործողությունների արդյունքում օրենքի որոշ պահանջներ խախտվում են[17]։
  2. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը հանցագործություն է[18]։ Հավաքի վայր մեկնող անձանց կանգնեցնելը, խուզարկելը կամ ազատությունը սահմանափակելը իրավաչափ չէ, եթե առկա չէ վերահաս բռնության կամ ծանր հանցագործության մասին ապացույց[19]։
  3. Խաղաղ հավաքի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելը, որպես կանոն, անհամաչափ է և հակասում է անմեղության կանխավարկածին[20]։ Առավել անթույլատրելի է նման վարչարարությունը օրենքին համապատասխան անցկացվող հավաքների պարագայում։
  4. Խաղաղ հավաքների համատեքստում սադրիչների կիրառությունը արգելված է և նման անձինք պետք է ենթարկվեն այնպիսի քրեական պատասխանատվության, ինչպես հավաքը դիտավորությամբ խոչընդոտողները[21]։
  5. Խաղաղ հավաքի մասնակիցներին պաշտպանելը հավաքների ազատության իրավունքի անբաժանելի մասն է և ոստիկանության առաջնային պարտականություններից[22]։ Այն հավասարապես վերաբերում է բոլոր խաղաղ, առանց զենքի հավաքներին, անգամ եթե արտահայտված տեսակետները ընդունելի չեն որոշակի խմբերի համար[23]։

Կոչ իրավապահ մարմիններին՝

  1. Ձեռնպահ մնալ խաղաղ հավաքների նկատմամբ անհարկի միջամտություններից։ Ամբողջությամբ կատարել խաղաղ հավաքներին աջակցելու՝ օրենքով սահմանված ոստիկանության պարտականությունը։
  2. Ձեռնպահ մնալ օրենքի կամայական մեկնաբանություններից։ Ոստիկանության վարչարարությունը պետք է հիմնված լինի բացառապես Սահմանադրության և օրենքների վրա և պայմանավորված չլինի քաղաքական նպատակահարմարությամբ։
  3. Ամբողջությամբ կատարել խաղաղ հավաքների մասնակիցներին պաշտպանելու պարտականությունը, ներառյալ՝ բախումներ հրահրող անձանցից։ Պատշաճ արձագանքել նման միջադեպերի վերաբերյալ բոլոր ահազանգներին։
  4. Անհապաղ ազատ արձակել խաղաղ հավաքների ձերբակալված մասնակիցներին և ձեռնպահ մնալ հետագա անհարկի միջամտություններից։

[1] «Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ», Արմենպրես, 19․04․2024 թ․, https://www.armenpress.am/arm/news/1135197.html

[2] ««Մարտական եղբայրության» անդամներին բերման են ենթարկել միաբանությունից հայտնում են՝ տարածվող տեղեկությունը կեղծ է», Առավոտ, 21․04․2024 թ․, https://www.aravot.am/2024/04/21/1413690/

[3] «Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում», News.am, 25․04․2024 թ․, https://news.am/arm/news/819894.html

[4] «Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան կրկին քշեց ցուցարարների վրա», Առավոտ, 23․04․2024 թ․, https://www.aravot.am/2024/04/23/1414050/

[5] «Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը», Հայկական ժամանակ, 29․10․2022 թ․, https://armtimes.com/hy/article/247017

[6] «ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինչի՞ համար էին ԵԿՄ-ի ավտոն ջարդում, ինչ պետք է անեին, կանգնեին նայեի՞ն». Սասուն Միքայելյան», Ժողովուրդ, 23․04․2024 թ․, https://armlur.am/1361610/

[7] «Ոստիկանները խոչընդոտում և արգելում են քաղաքացիներին գնալ Տավուշ», ԱԺԲ, 22․04․2024 թ․, https://www.youtube.com/watch?v=6fwUtbsItdA (3։00-ից և 18։30-ից)

[8] «Ոստիկանությունը բերման է ենթարկել Տավուշ մեկնող ԱԺԲ աջակից Միսակ Կեպենյանին ԱԺԲ», 22․04․2024 թ․, https://infocom.am/hy/Article/126552

[9] «Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված», News.am, 23․04․2024 թ․, https://news.am/arm/news/819535.html

[10] «Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի և մյուս բնակավայրերի բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը. Թագուհի Թովմասյան», Առավոտ, 24․04․2024 թ․, https://www.aravot.am/2024/04/24/1414530/

[11] ««Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է», News.am, 24․04․2024 թ․, https://news.am/arm/news/819629.html

[12] «Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին. Ուղիղ», ԱԺԲ, 24․04․2024 թ․, https://www.youtube.com/live/x_je5vlU_fk?si=g7Qd9X4ZcxwwF7Zw&t=6486

[13] «96 բերման ենթարկված. ԱԺԲ-ից պնդում են՝ «իրենց անդամներին բռնության են ենթարկել»», Ազատություն Ռադիոկայան, 24․04․2024 թ․, https://www.azatutyun.am/a/32919317.html

[14] «ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել ԼՐԱՑՎԱԾ», Factor, 24․04․2024 թ․, https://factor.am/766304.html

[15] Տե՛ս ԱԺԲ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի իրազեկումը https://www.yerevan.am/hy/public-meeting/hh-k-aghak-ats-i-hovhannes-hovhannesyani-s-t-aprili-22-in-23-in-ew-24-in-havak-ner-ew-ert-er-ants-ka/

Տե՛ս Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.03.2024 թվականի որոշումը, https://www.yerevan.am/hy/public-meeting/hh-k-aghak-ats-i-hovhannes-hovhannesyani-s-t-aprili-22-in-23-in-ew-24-in-havak-ner-ew-ert-er-ants-ka/

[16] ««Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել», Ազատություն Ռադիոկայան, 25․04․2024 թ․, https://www.azatutyun.am/a/32920168.html

[17] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 228-րդ պարբերություն, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)017rev-e

[18] Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը

[19] Նիսբեթ Օզդեմիրն ընդդեմ Թուրքիայի, 2010 թ․, ՄԻԵԴ (դիմում թիվ 23143/04), 38-41-րդ պարբերություններ, ինչպես նաև Ուղեցույց, 177-րդ պարբերություն

[20] Ուղեցույց, 218-րդ պարբերություն

[21] Ուղեցույց, 174-րդ պարբերություն

[22] Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, 2006 թ․, ՄԻԵԴ (դիմում թիվ 74552/01), 35-րդ պարբերություն, ինչպես նաև Գյունը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 2013 թ․, ՄԻԵԴ (դիմում թիվ 8029/07), 69-րդ պարբերություն

[23] Բաչկովսկին և այլոք ընդդեմ Լեհաստանի, 2007 թ․, ՄԻԵԴ (դիմում թիվ 1543/06), 64-րդ պարբերություն, ինչպես նաև Ուղեցույց, 81-րդ պարբերություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930