Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիի ելույթը Հռոմի «Հայոց Ցեղասպանության» այգում Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը
«Շնորհակալ եմ, կաշխատեմ կարճ խոսել:
Ես եմ շնորհակալ ձեզ: Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում:
Այս օրը լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի համար առաջնահերթություն չէ: Կյանքում մենք ենք ընտրում առաջնահերթություններ, որոնք միշտ չէ, որ քանակով են որոշվում, քանակը միշտ չէ, որ համապատասխանում է որակին, նաև այն պատճառով, որ 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը: Պատմությունը չի սովորեցնում, ես դատողություններ չեմ անում, անտարբերությունը մահացու է:
Հայացքը հակառակ կողմ շրջելը մահացու է` սկսած հասարակ քաղաքացուց, ով օգտվում է տրանսպորտից, մինչև լրագրողներ, ովքեր չեն լուսաբանում:
Ես հիշում եմ, երբ որպես եվրոպական խորհրդարանական մտնում էի Ստրասբուրգի և Բրյուսելի դահլիճներ, թե ինչ ճնշումների էի ենթարկվում որոշակի շրջանակներից Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների ժամանակ, քանի որ «ցեղասպանություն» բառը որոշ համատեքստերում համապատասխանում է հանցագործության, վրդովմունքի, հանցավորության:
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ վիրավորանքը ողջախոհության և պատմական ճշմարտության դեմ է, եթե այլ արտահայտություններ են օգտագործվում էթնիկ և մշակութային հիմքով կոտորածի համար: Հիշում եմ, օրինակ, երբ այցելեցի Կիպրոս, որը նման անցյալ է ապրել, ուր ոչնչացվել են խորհրդանիշները, եկեղեցիները, դպրոցները, մշակույթի կենտրոնները և ուր այսօր տարածքի մի մասը դեռևս օկուպացված է:
Դա այն է, ինչ մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, կրել է հայ ժողովուրդը, և գիտակցում ենք, որ անտարբերությունն անընդունելի է։
Այնպես որ, այսօր այստեղ լինելը թե՛ հաճելի է, թե՛ պարտադիր և թե՛ պարտվաբեր։
Բացի այդ, Իտալիայի համար ևս այս օրերը հիշատակի օրեր են, ջարդերի ու սպանդի, փախուստների, վերածնվելու, և, հետևաբար, այս իմաստով ընդհանրություն ունենք:
Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ աղջկաս նվիրեցի մի գիրք, որր իմ կարծիքով դպրոցական դասագիրք պետք է լինի, որը տարրական դասարաններից սկսած՝ պետք է երեխաները կարդան, դա «Արտույտների ագարակը» գիրքն է։
Երեխա ժամանակ կարդալով մի պատմություն, որը հասակակիցներդ կրել են իրենց մաշկի վրա, չես կարող անտարբեր մեծանալ կյանքում:
Ուստի, շնորհակալություն ձեզ, տեղական կառույցներին, քաղաքապետարանին և մարզին, որոնք նույնպես որոշեցին առարկայական քայլեր ձեռնարկել, քանի որ խոսքերն անցողիկ են, բայց վկայությունները մնում են։ Այստեղ զբոսնող մայրերն ու տատիկները, որոնք տեղյակ չեն, թե ինչի մասին է այս այգին, շնորհիվ այս հուշատախտակի կիմանան։ Ինչը մեծ նշանակություն ունի, այդ մարմարե քարն ունի արյուն, քրտինք ու արցունքներ և առաջին հերթին ապագա ու հույս:
Ես ուզում եմ մտածել 2024 թվականի մասին, որպես խաղաղության տարի, մինչդեռ աշխարհի շատ մասերում, ցավոք, մտածում ենք, թե ինչպիսի ֆինանսավորում և բյուջե նախատեսենք, որպեսզի կարողանանք գնել ռումբեր, հրթիռներ, հակատանկային զենքեր եւ այլն:
Կարծում եմ, որ որպես Ենթակառուցվածքների նախարար՝ իմ համեստ կարողությունների սահմաններում պետք է կամուրջներ կառուցեմ, պետք է կապեր ստեղծեմ մեզ միավորելու և մերձեցնելու համար, փորձում եմ և կարծում եմ, որ ով այսօր այստեղ է՝ անկախ իր քաղաքական գաղափարներից և մշակութային ծագումից, կանի ամեն ինչ, որպեսզի 2024 թվականը լինի վերակառուցման, մերձեցման և խաղաղության տարի, քանի որ հակառակ դեպքում 1915 թվականի դասը քիչ օգտակար կլինի։
Ուրեմն շնորհակալություն հիշողությունը վառ պահելու համար: Ես հայկական համայնքի որոշ անդամների հետ հանդիպում եմ իմ հարազատ Միլանում: Եվ դա մի համայնք է, որը լռելյայն, սակայն կատարյալ և բացառիկ կերպով ինտեգրվել է, որքան իտալական, այնքան էլ հայկական է՝ հպարտ իր ինքնությամբ: Այսօրվա պատմական ժամանակաշրջանում ռիսկը ֆիզիկական բռնության ու պատերազմի վտանգն են, բայց նաև մշակույթների վերացումը, պատմության ժխտումը և անցյալի ինքնությունը իրական ռիսկ պարունակող վտանգ են:
Իր անցյալը անտեսող ժողովուրդը տխուր ապագա է սպասվում:
Ուրեմն շնորհակալություն հայ ժողովրդին, ով իր տառապանքներից 2024 թվականին մեզ, ժպիտով և հիշողությամբ, կյանքի դաս է տալիս, որը ես այսօր հպարտությամբ տանում եմ ինձ հետ իմ նախարարություն, ուստի շնորհակալություն ձեզ՝ այսօր ինձ հյուրընկալելու համար։
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ