Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատերաբեմը փողոցն է, թիրախը՝ Ազգային ժողովը». Դավիթ Անանյանը Ադրբեջանից գազ գնելու հեռանկարն անիրատեսական է համարում

Ապրիլ 25,2024 22:05

«Սա միայն Տավուշի, Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի եւ մյուս գյուղերի խնդիրը չէ, սա համահայկական խնդիր է, բոլորիս խնդիրն է։ Ես այսօր ուրախ եմ, որ ամբողջ Հայաստանում այսպես ստեպ-ստեպ, օջախային ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում։ Բոլորս հասկանում ենք, որ այս ակցիաներին միավորող թատերաբեմը Երևանն է, և Երևանում շատ արագ պետք է կապիտալիզացիայի ենթարկվեն այս համընդհանուր օջախային շարժումները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նա Տավուշում է եւ միացել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիներին։

«Այսօր մեկնարկած սահմանազատումն ու սահմանագծումն իրենից ներկայացնում է հայրենիքը մաս-մաս հանձնելու մի գործընթաց, որին բոլորս դեմ ենք։ Այս օջախային ակցիաներն իրենց հանգուցալուծումը պետք է ունենան քաղաքամայր Երևանում: Կարճ ձևակերպեմ, թատերաբեմը փողոցն է, թիրախը՝ Ազգային ժողովը, պետք է անհապաղ սկսել իշխանափոխության գործընթաց՝ օրենքին համապատասխան»,- ասաց Դավիթ Անանյանը՝ այսօրվա քաղաքական դերակատարներին համախմբվելու, անձնական ամբիցիաներից վեր կանգնելու եւ միավորվելու կոչ անելով: Ինչ վերաբերվում է առաջնորդներին, Դավիթ Անանյանը տեսնում է թեկնածուների, բայց, ասում է, ընտրությունը պետք է կատարվի փոխհամաձայնության սկզբունքով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ խոսելով Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունների մասին եւ ողջունելով այդ առաջարկը: Տեսանելի ապագայում Դավիթ Անանյանը դա հնարավոր չի համարում. «Ադրբեջանից գազ գնելու համար պետք է տարրական համապատասխան ենթակառուցվածքներ ունենալ, որը գոյություն չունի։ Անվտանգային տեսանկյունից, եթե դու փաստացի քո թշնամուց էներգետիկ կախվածության մեջ ես գցում ամբողջ տնտեսությունը, ապա քաղաքական առումով քո երկիրը դարձնում ես վասալային երկիր, կախվածություն ես ունենում քո թշնամի երկրից»։

Առանց քաղաքական վերլուծությունների տնտեսական ակնկալիքները նա իրատեսական չի համարում: Իսկ ինչ վերաբերվում է առեւտուր անելուն եւ այդպես զարգանալուն, ասում է, որ երկիրն առեւտրով  չեն պահում եւ տվյալ դեպքում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների բացումն ու առեւտուրը Հայաստանը վերածելու է միջին որակի ապրանքների շուկայի, տնտեսությունը, արդյունաբերությունը արագ անկում են ապրելու՝ Հայաստանը դարձնելով թուրքական ապրանքների սպառման շուկայի: Այսինքն, տնտեսական առումով այդ հարաբերությունները ևս որեւէ հեռանկար չեն խոստանում:

Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ականազերծման աշխատանքների ժամանակ, ՀՀ ԶՈՒ զինծառայող է պայթել ականի վրա: ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը՝ տուժածի վիճակը բավարար գնահատելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930