ՀՀ փաստաբանների պալատում հայ եւ ֆրանսիացի փաստաբանների մասնակցությամբ կայացավ գիտաժողով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ընդգծեց, որ Հայաստանի փաստաբանների պալատը Հայաստանի իրավական համակարգի կայացած ինստիտուտներից է։ Բայց նաեւ արձանագրեց, որ այս համակարգը սխալ ընկալում ունի հասարակությունում, ինչը հանգեցնում է գործնականում փաստաբանների դերի հետ կապված խնդիրների։ Մասնավորապես, սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում վիրավորանքների, փաստաբանների նկատմամբ սխալ մեկնաբանությունների եւ այլն։
«Որպես ՄԻՊ եւ դրանից առաջ իրավական համակարգում իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները դիտարկվում են որպես հանցագործությունները արդարացնողներ, հանցանք կատարածներին աջակցողներ։ Մինչդեռ փաստաբանն ունի իրավապաշտպանի, անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև իրավական, դատական եւ պետական ոլորտների նկատմամբ վերահսկողական գործառույթ»,-ասաց նա։
Արման Թաթոյանը նաեւ նշեց, որ փաստաբանների վերաբերյալ սխալ ընկալումներ կան նաև իրավապահ համակարգում, որտեղից էլ գալիս են հիմնական խոչընդոտները եւ բերեց մի քանի հիմնական դեպքեր, օրինակ, փաստաբանների մուտքի ապահովումը քրեական հետապնդման սկզբնական փուլերում ոստիկանության բաժիններ, քննչական մարմնիններ, որտեղ ամենատարբեր պատճառաբանություններով քննիչին չեն կարողանում գտնել, կապվել են՝ սպասում են այլն, խոչընդոտներ են ստեղծում։ Այսինքն, իրավապահ մարմնի գործառույթների պատճառով մարդը զրկվում է իրավաբանական օգնությունից։
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը մտահոգիչ համարեց այն, որ հաճախ իրավապահ մարմինները առանց պարզաբանումներ տալու, կամայական են մեկնաբանում օրենքը՝ անկանխատեսելիությունը ապահովելով փաստաբանի համար, ինչը նաեւ սթրեսի է բերում բերման ենթարկված անձին։
«Մեր արձանագրած գլխավոր խնդիրներից են այն իրավիճակները, երբ փաստաբանները բողոքներ են ներկայացնում, որ գաղտնալսվում են փաստաբանի եւ իր վստահորդի խոսակցությունները։ Այս խնդիրները ես արձանագրել եմ տարեկան զեկույցներով, ներկայացրել եմ խորհրդարան, պահանջել, որպեսզի այս պրակտիկան բացառվի։
Բայց աննախադեպը անցած տարի օրենքով նախատեսված իրենց գործառույթները կատարելիս մեր գործընկեր փաստաբաններին բռնության ենթարկելն էր իրավապահ մարմնում։ Դա պարտադիր պետք է արժանանար պետության արձագանքին։ Ավելին, այդ հանցանքը կատարողները պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության։ Մինչդեռ առաջնահերթ հայտարարում են, թե նախաձեռնվել է կարգապահական վարույթ, իրականացվում է ծառայողական քննություն։ Ու կարծես դրանով փորձում են ավարտել խնդիրը՝ հասարակությանը ներկայացնելով, թե իբր կամք է դրսեւորվել, իրավապահ մարմինն իրականացնում է քննություն։ Մինչդեռ, նման արարքները պարտադիր պետք է քննության ենթարկվեն քրեաիրավական վարույթի շրջանակում»,-ասաց նախկին ՄԻՊ-ը։
Նրա խոսքով, հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրենք ստիպված մտածում էին փաստաբանի պաշտպանության օրենսդրական առաջարկներ ներկայացնել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ