Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային մեղադրողը «բոլշեւիկյան ցինիզմով» ոտնձգություն է կատարում իմ ազատության նկատմամբ. Մամիկոն Ասլանյան

Ապրիլ 25,2024 20:52

«Ես ինչքան ուզում եմ այս գործընթացը մտցնել իրավական ոլորտ, մեր հարգելի դատախազությունը՝ իր պատվարժան ներկայացուցչի գլխավորությամբ, տանում շպրտում է քաղաքական ոլորտ»,- այսօր դատարանում հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ նաեւ հավելելով, որ կարծես իր մոտ ստոկհոլմյան սինդրոմ է առաջանում, ու այս գործով ինքն է անընդհատ դատարանին ու դատախազությանը պաշտպանում: Նա նկատեց, որ հանրային մեղադրողը դատավարության բոլոր փուլերում իր նկատմամբ քաղաքական պատանդառությամբ է զբաղված՝ «բոլշեւիկյան ցինիզմով» ոտնձգություն կատարելով մարդու անքակտելի իրավունքներից մեկի՝ ազատության իրավունքի նկատմամբ:

Հանրային մեղադրողը վրդովվեց Մամիկոն Ասլանյանի դիտարկումներից, ասաց, որ Մամիկոն Ասլանյանի անդրդվելի մնալը, նման որակումներով խոսելը ապացուցում են իր իրավացիությունը. «Եթե որեւէ մեկը որոշել է այստեղ մեղադրողի համբերությունը չափել, խորհուրդ չեմ տա, դա ոչ մի լավ բանի չի բերի»: Մեղադրողը միջնորդեց՝ սանկցիա կիրառել ամբաստանյալի նկատմամբ: Դատարանը անհրաժեշտություն չտեսավ սանկցիա կիրառելու, ինչն ավելի վրդովվեցրեց մեղադրողին: Դատարանն էլ մինչ այդ զգուշացրեց Մամիկոն Ասլանյանին՝ զուսպ լինել արտահայտություններում:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը նախորդ նիստում ավարտեց վկաների հարցաքննությունը: Այսօր դատարանը քննեց Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը : Մեղադրողն առարկել էր միջնորդության դեմ:

Ի դեպ, արձագանքելով պաշտպանական կողմի դիտարկմանը, թե մինչ այժմ հայտնի չէ, թե Մամիկոն Ասլանյանն ի՞նչ հոդվածով է մեղադրվում, հանրային մեղադրողն ասաց, որ դատավարական փուլում այդ մասին բազմիցս պարզաբանումներ տրվել են եւ քրեական օրենսգրքի փոփոխությունը հիմք չի հանդիսանում մեղադրանքի փոփոխության համար: Այլ հարց, թե որոշում ընդունելիս դատարանը ինչպե՞ս կառաջնորդվի

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշման եզրափակիչ մասը կհրապարակվի վաղը՝ 9.30-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930