ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը նախորդ նիստում ավարտեց վկաների հարցաքննությունը:
Այսօր դատարանը քննեց Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը: Վերջինս 2,5 տարի կալանավորված է: Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանն իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդության հիմքում դրել է այն հանգամանքը, որ նախկինում, երկարացնելով վերջինիս կալանքի ժամկետը, դատարանը պատճառաբանում էր, որ վկաների քննությունը չի ավարտվել, եւ Մամիկոն Ասլանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդելով վկաների վրա: Մինչդեռ այժմ վկաների հարցաքննությունն ավարտված է, գործով բոլոր գրավոր ապացույցները հետազոտված են, ուստի Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու հիմքն այլեւս առարկայազուրկ է: Պաշտպանն առաջարկեց՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ հանրապետությունից չբացակայելու ստորագրություն: Պաշտպանական կողմը պատրաստ է նաեւ գրավի կիրառման տարբերակին, եթե դատարանի համար այդ տարբերակը նախընտրելի լինի:
Մամիկոն Ասլանյանն էլ հայտարարեց, որ իր նկատմամբ քրեական գործն ի սկզբանե է առարկայազուրկ համարել ու նկատեց, որ հաճախ գործին առնչվող խնդիրները դատարանի «գլխին են կոտրվում՝ հաճախ անհարմար վիճակի մեջ դնելով նաեւ դատարանին», բայց հիմա գործի այնպիսի փուլում ենք, որ դատարանի որոշումը պետք է աներկբա լինի: Ինքը, համենայնդեպս, դատարանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունի եւ կարծում է, որ իրավունքից, օրենքից բխող ճիշտ որոշումները դատարանը պետք է կայացնի. «Իրավաբանական ջրբաժանի իրավիճակ է»: Նա պնդում է՝ որեւէ գործողություն չի կատարել, որի համար արժեր, որ այսքան ժամանակ գտնվեր կալանքի տակ:
Մեղադրանքի կողմն առարկեց խափանման միջոցի փոփոխության դեմ: Դատախազը գտնում է, որ արդեն հետազոտված ապացույցները բավական են, որպեսզի թե Մամիկոն Ասլանյանը, թե գործով մյուս ամբաստանյալներ Սուրեն Աբովյանի եւ Արեւհատ Հովհաննիսյանը դատապարտման համար: Պաշտպանական կողմի համար, պարզվեց, մեղադրողի դիրքորոշումը տարօրինակ է, մանավանդ, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրված նախկին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով ու այդ հոդվածն այժմ գոյություն չունի: Այն համապատասխանում է ենթադրաբար նոր Քրեական օրենսգրքի 411 հոդվածին, բայց մեղադրանքի կողմը այս հարցին դեռ հստակ պատասխան չի տվել:
Կարդացեք նաև
«Հիմա Մամիկոն Ասլանյանին ի՞նչ մեղադրանք է առաջադրված»,- հարցրեց պաշտպանը՝ նկատելով, որ անգամ դատարանը այս հարցի պատասխանը չունի: Ուստի, իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը նա համարում է պատիժ, քաղաքական հետապնդում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ