Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2023-ին աճել է դիմումների և դրական լուծում ստացած գործերի քանակը․ Անահիտ Մանասյան

Ապրիլ 25,2024 20:00

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023թ տարեկան զեկույցը։

Պաշտպանը նշել է, որ 2022 թվականի համեմատ 2023-ին աճել է դիմումների և դրական լուծում ստացած գործերի քանակը։ Մասնավորապես, եթե 2022-ին եղել է 1282 դրական լուծում ստացած գործ, ապա 2023-ին՝ 1922 դրական գործ։ Պաշտպանն ընդգծել է, որ կարևորում է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Այդ է պատճառը, որ տարվա ընթացքում անձամբ է մասնակցել իրականացված բազմաթիվ այցերին, տեղում ծանոթացել խնդիրներին։ Ամբողջ տարվա ընթացքում իրականացվել է 512 այց տարբեր հաստատություններ, բնակավայրեր (այդ թվում` սահմանամերձ), ազատությունից զրկման վայրեր, փակ հաստատություններ և այլն։

Զեկույցում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում արձանագրված բազմաթիվ խնդիրներին՝ սոցիալական ապահովության, սեփականության, աշխատանքային, կրթության, առողջության պահպանման ու կյանքի, շրջակա միջավայրի, անձնական տվյալների պաշտպանության, կարծիքի արտահայտման ազատության ու տեղեկատվություն ստանալու, իրավապահ մարմինների գործունեության և քրեական վարույթի, ընտրական, հավաքների ազատության, գործարարության, զինված ուժերում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, իրավահավասարության ապահովման, սահմանամերձ բնակավայրերում բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, փախստականների ու ապաստան հայցող անձանց, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և այլ բնագավառներում։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ատելության խոսքի տարածվածությանն ու անհանդուրժողականության մտահոգիչ միջավայրին՝ ևս մեկ անգամ կոչ անելով հանրային և քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ոչ միայն զերծ մնալ նման խոսքից, այլ նաև հակազդել դրան։

«Ցավոք, այս տեսանկյունից մենք այսօր բազմաթիվ խնդիրներ ունենք. ամենուր է խոսույթ, որը մարդու իրավունքների պաշտպանության որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Կան հանրային գործիչներ, ովքեր իրենց կողմից իրականացվող գործունեությունը ներկայացնում են որպես իրավապաշտպան, սակայն նրանց գործունեությունն ու հնչեցրած խոսքը ոչ միայն պարունակում են ակնհայտ խտրական դրսևորումներ, այլ նաև իրավունքի արժեքներին հակասող մոտեցումներ»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի աշխատակազմի թիրախավորման դեպքերին, ինչը Պաշտպանի կողմից խիստ անթույլատրելի է գնահատվել։

«Հատուկ արձանագրեմ, որ չափազանց կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեությունը։ Ես նկատել եմ իմ աշխատակազմի թիրախավորման տարատեսակ դեպքեր, որոնք ոչ էթիկայի, ոչ իրավաչափության տեսանկյունից ընդունելի չեն։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից նվիրյալ է, և սա ուզում եմ հատուկ ընդգծել։ Իմ մոտեցումն այն է, որ  մենք պետք է ունենանք և ունենք պատշաճ վերաբերմունք բոլորի հանդեպ՝ փաստաբանների, քաղաքացիների, լրագրողների, իրավապաշտպանների, հանրային, քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց և այլ դերակատարների, և նույնը պահանջում ենք Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների նկատմամբ»։

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ չի ցանկանում  անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի թիրախավորման, նրա նկատմամբ ճնշումների և համանման դեպքերին` ընդգծելով այն հանգամանքը, որ Պաշտպանի և Պաշտպանի հաստատության գործունեությունը ենթակա են հատուկ պաշտպանության, այդ թվում` քրեաիրավական հարթությունում։ Ավելին, վերը նշված արարքները կարող են առերևույթ հանցակազմի տարրեր պարունակել։ Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մեկ տարվա ուսումնասիրությունը վկայում է, որ Պաշտպանի և ՄԻՊ հաստատության թիրախավորումը, գործունեությանը խոչընդոտելու փորձերն ու ճնշումները կրում են կազմակերպված, համակարգված ու շարունակական բնույթ։

Պաշտպան Անահիտ Մանասյանը իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը:

Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հիման վրա` նկատի ունենալով ՄԻՊ հաստատությունների զեկույցների համար առկա միջազգային մեթոդաբանությունը։

Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում ՄԻՊ–ի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930