Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։
Քաղաքացիները փակել են նաեւ Կիրանց գյուղի կամուրջը, վրան են տեղադրել այնտեղ:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ այդ հատվածում այսօր ականազերծման աշխատանքներ պետք է իրականացվեն։ Տեղացիները վաղ առավոտից այդ մասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքներ:
«Նոր տեղեկություն հայտնեցին, որ ականի վրա մարդ է տրաքել: Չգիտեմ, պետք է ճշտենք»,- հավաքվածներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանն է (ծնվ. 1980թ.): Նրա ոտնաթաթն է վնասվել, տարել են հոսպիտալ:
«Թուրքը որ մտավ էս չորս գեղը, Հայաստանը չի լինելու: Ռոբերտ Աբաջյանն ո՞ւմ համար էր օղակը քաշում, որ թուրքին բերեք ստե՞ղ»,- վրդովվել են քաղաքացիները: Իրավիճակը շատ լարված է, կրքերը բորբոքվում են ժամանակ առ ժամանակ:
Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ