Այս օրերին Երեւանում էին Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք ամեն տարի ավանդաբար ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարին եւս բացառություն չէր:
Aravot.am-ը զրուցել է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետ Գիյոմ Տրիշարդի (Guillaume Trichard) հետ: Մեծ վարպետից մասնավորապես հետաքրքրվեցինք, թե բացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելուց՝ ի՞նչ նպատակով են այցելել Հայաստան:
«Մեծ Արեւելքն» ամեն տարի ապրիլի 24-ի առիթով այցելում է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին: Սա պատահականություն չէ, որովհետեւ ջերմ եւ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի մեր եղբայրների ու քույրերի հետ, եկել ենք իրենց սատարելու: Նաեւ հաշվի առեք, որ Սփյուռքի ամենամեծ հայկական համայնքներից մեկը գտնվում է Ֆրանսիայում, որտեղ գրեթե տեղ կարելի է հանդիպել հայերի, որոնք շատ մեծ ազդեցություն, որակ եւ կարեւոր նշանակություն ունեն Ֆրանսիայում, կարելի է ասել էզոթերիկ նշանակություն ունեն: Այցելությունս Հայաստան աշխարհաքաղաքական համատեքստում է՝ կապված Հայաստանի այսօրվա վիճակի հետ: Ընդամենը մեկ տարի առաջ Մեծ Վարպետի այցելությունը Հայաստան, եւ Մեծ Վարպետի այցելությունը այսօր՝ մեծ տարբերություններ ունեն, բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում Արցախի հետ»,-ասաց Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետը:
Հավելեց, որ իր այցելությունը եռանպատակ է. «Առաջինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալն ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն էր: Մեր առաջին պարտավորություններից մեկն է՝ հիշել, հասկանալ մեր անցյալը, ապրել ներկայով եւ ստեղծել ապագայի համար: Բնականաբար, երբ Մեծ Վարպետը այցելություններ է ունենում որեւէ երկիր, անպայման հանդիպում է տեղի բարձրագույն ղեկավարության հետ: Այս անգամ եւս ստացվեց հանդիպել ՀՀ նախագահի, Սփյուռքի հարցերով հանձնակատարի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ, որոնց հետ բաց եւ պարզ շփումները թույլ տվեցին ավելի խորը հասկանալու Հայաստանի ներկա իրավիճակը, սպառնալիքների չափը եւ խնդիրների լուծման տարբերակներն ու ռիսկերը:
Կարդացեք նաև
Երրորդ ուղղությունը՝ ներկայացնելն էր մեր կազմակերպությունը, ինչ նպատակների համար է այն աշխատում, ինչ առաքելություն ունի, որովհետեւ շատ-շատերը այս կազմակեպության մասին հաճախ ոչ լիարժեք են տեղեկացված: Թեեւ մեր կազմակերպությունը ֆրանսիական է համարվում, բայց աշխարհի տարբեր երկրներում ունենք շուրջ 1400 օթնակ եւ 55 հազար անդամ: Մենք աշխատում ենք միասին՝ մեր եղբայրների, քույրերի հետ, որպեսզի առաջին հերթին կարողանանք օթյակների ներսում ինքներս մեզ բարելավել, բարձրացնել հոգեպես եւ մտածելակերպով, որպեսզի մեր շրջապատն ու հասարակությունն էլ բարելավենք: Այս առումով փորձում ենք մեր հայ եղբայրների ու քույրերի հետ համատեղ ծրագրեր իրականացնել»:
Հետաքրքրվեցինք՝ ընդգծված ընդդիմադիր լիդերներից որեւէ մեկի հետ հանդիպե՞լ են: «Որպես սկզբունք, եթե որեւէ երկիր ենք այցելում, հանդիպում ենք միայն լեգիտիմ իշխանությունների ներկայացուցիչների հետ, որովհետեւ եթե սկսենք նաեւ ընդդիմության հետ հանդիպել, դա անվերջ օրեր կտեւի եւ մեր սկզբունքներին դեմ կլինի»,-ասաց Գիյոմ Տրիշարդը:
Հարցրինք՝ տարբեր ոլորտների էլիտաների մտավոր ներուժն իր մեջ ամփոփող «Մեծ Արեւելքը» կոնկրետ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի համար: «Ինչպես արդեն նշեցի, առաջինը մեր առաքելության նպատակը ներկայացնելն է, թե ինչ են արել մեր կազմակերպության անդամները ժամանակին, մինչեւ հիմա, եւ հետո էլ ինչ են անելու, որպեսզի նմանատիպ ցեղասպանություններ չկրկնվեն եւ կանխարգելվեն: Այս թեման միշտ եղել է քննարկումների առարկա մեր կազմակերպությունում: Այն, ինչ անում են ֆրամասոնները, իրականում աշխատում են անել՝ մտածելով, հենց այդ մտածմունքն է, որ պետք է կարողանանք ճիշտ ձեւակերպել կոնկրետ Հայաստանի դեպքում եւ ճիշտ ազդակներ ուղարկենք:
Առաջին ուղղությամբ պետք է ճիշտ ձեւակերպենք այդ ամբողջությունը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության հետ, եւ երկրորդը՝ Հայաստանի ապագայի հետ կապված, որը պետք է ավելի բարելավի դեպի Եվրոպա եւ ԵՄ ուղղությամբ: Շատ կարեւոր է, որ մենակ եւ մեկուսացած չթողնենք Հայաստանը: Եվ երրորդը, որ ավելի շոշափելի, տեսանելի կլինի գործնական առումով, հետեւյալն է. անցյալ դեկտեմբերին մենք հանդես ենք եկել «Հայաստանը վտանգի մեջ է» կոչով, դրա շարունակությունը անելու ենք մի քանի շաբաթից, որը կոչվելու է «Եղբայրական Հայաստան»: Մենք բոլորին կոչ ենք անելու, որ ներկայացնեն ծրագրեր՝ Հայաստանում իրականացնելու համար, որպեսզի դրանց միջից ընտրություն կատարենք: Ինչպես մեր կազմակերպությունը տարբեր ձեւերով նաեւ ասոցիացիաների միջոցով տասնամյակներ շարունակ օգնել է Հայաստանին, այս անգամ էլ կունենանք տեսանելի եւ կոնկրետ ծրագիր, որը կկարողանանք մեր հիմնադրամի միջոցներով իրականացնել Հայաստանում»,-ընդգծեց Մեծ Վարպետը:
Նա ձեռնպահ մնաց հայտնելուց, թե քանի անդամ ունի հայաստանյան «Արարատի որդիներ» օթյակը, միայն հետեւյալը փոխանցեց. «Մեր 300 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեր քույրերն ու եղբայրները ամեն երկրում բարձրացնելով իրենց՝ ամեն օր աշխատում են, որպեսզի բարելավեն եւ հասարակությունը, եւ այն պետությունը, որտեղ իրենք ապրում են, սատարում դեմոկրատական սկզբունքներին, ինչը Հայաստանում շատ կարեւոր է»:
Հարցին՝ հետաքրքիր է, «Մեծ Արեւելքը» ինչ-ինչ ուղերձներ հղո՞ւմ է ազգությամբ թուրք եւ ադրբեջանցի իր անդամներին, երբ խոսք է գնում դեմոկրատիայի, Արցախի հայաթափման մասին եւ այլնի մասին, Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետն այսպես արձագանքեց. «Մենք մասոնական կազմակերպություն ենք եւ ոչ մի տեսակի քաղաքականության լոբբինգի մեջ ընդգրկված չենք: Ի դեպ, մի բան ասեմ, որը նորություն է, ու առաջին անգամ է տեղի ունենում: Վերջերս հանդիպել եմ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ, եւ մենք քննարկել ենք ընդհանուր մարդու իրավունքների հարցերը: ճիշտ է, շատ հարցերի հետ կապված չենք արձագանքում, բայց աշխատում ենք միմյանց հետ, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն»
«Մեծ Արեւելք» կազմակերպության Մեծ Վարպետ Գիյոմ Տրիշարդի հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ իրենց կազմակերպությունում կանանց ներգրավվածությանը: Ասաց, որ 55000 անդամների թվում 6500-ը կանայք են. «Ընդամենը 10 տարի է, որ թույլ ենք տվել կանանց ինտեգրվել մեր կազմակերպությանը: Կարծում եմ՝ տարիների ընթացքում մեր քույրերի թիվը կավելանա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը՝ Գիյոմ Տրիշարդի ինստագրամյան էջից