ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում մեկ երեխայի համար պետությունը ամսական ծախսում է ավելի քան 347000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ մեկ երեխայի խնամքի համար ծախսվում է ավելի, քան ՀՀ-ում ամսական անվանական միջին աշխատավարձն է։
««Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման համար 2024թ. ՀՀ պետական բյուջեով 1 շահառուի տարեկան ծախսը կազմում է 4 մլն 168 հազար 775 ՀՀ դրամ»,-այս մասին տեղեկացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ․ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը, այսինքն՝ հարկերը ներառյալ, կազմել է 266994 ՀՀ դրամ, իսկ 2024թ․ փետրվար ամսին` (Վիճակագրական կոմիտեի ներկայացրած վերջին տվյալն է) 273425 ՀՀ դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են նաև, որ երեխա որդեգրելու համար 2024թ․ ապրիլի 3-ի դրությամբ հաշվառվել է 150 ՀՀ և 9 օտարերկրյա քաղաքացի։ Իսկ նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում՝ ապրիլի 3-ի դրությամբ որդեգրման ենթակա երեխաների թիվը 282 է, որոնցից 236-ն ունեն առողջական խնդիրներ, իսկ 187-ը ունեն հաշմանդամություն։ Այսինքն՝ առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով պետության կողմից մեկ երեխայի խնամքի համար ծախսվող գումարը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք որևէ աջակցություն տրամադրվո՞ւմ է հաշմանդամություն ունեցող երեխա որդեգրելու դեպքում, սակայն ի պատասխան այս հարցի՝ նա արձագանքեց, որ նման ընթացակարգ չունեն։
Ըստ գործող օրենքի` որդեգրել ցանկացողները հաշվառվելու համար պետք է իրենց բնակության վայրի աշխատակազմ՝ քաղաքապետարան կամ մարզպետարան ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, որոնցից են բնակարանային պայմանների, զբաղեցրած պաշտոնի, եկամուտների մասին տեղեկանքները, այսինքն` անձի կենսապայմանների ուսումնասիրության հիման վրա է տրվում դրական եզրակացությունը: Նշենք, որ երեխա որդեգրելու համար ըստ օրենքի` պարտադիր չէ ամուսնացած լինելը:
Արդյոք պե՞տք է պետությունը որոշակի աջակցություն ցուցաբերի որդեգրել ցանկացող անձանց՝ հաշվի առնելով, որ մեկ երեխայի համար ծախսում է ավելի, քան միջին ամսական աշխատավարձն է, մինչդեռ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ իրենց մեկ երեխայի համար ավելի քիչ գումար են ծախսում։ Աջակցություն ցուցաբերելով՝ պետությունը գուցե և խրախուսի հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրումը, ինչը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափմանը:
Նշենք, որ ներկայումս պետության կողմից աջակցություն տրամադրվում է միայն խնամատար ընտանիքներին, սակայն ոչ այնքան, որքան պետական բյուջեից է ծախսվում` երեխայի շուրջօրյա հաստատությունում գտնվելու պարագայում: Խնամատարությունը համարվում է աշխատանք և վարձատրվում է նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաև պետության կողմից տրամադրվում են որոշակի միջոցներ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխա խնամելու դեպքում նաև նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 3-ի դրությամբ խնամատար ընտանիքներում խնամվում են 152 երեխա:
2014թ.-ի հուլիսի 17-ի թիվ 743-Ն որոշմամբ՝ ՀՀ Կառավարությունը հաստատեց խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպման (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելման ծրագիրը:
2014թ. հուլիսից մինչ օրս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 171 երեխա։ Այս տեղեկությունը տրամադրել է նախարարությունն ու հավելել․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում գործել է նաև «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ը, որի տվյալներն արխիվացված են։ Վերը նշված թիվը ներառում է միայն մանկատներից վերամիավորված երեխաների ցուցանիշը»։
Նշենք, որ նախարարությունից տրամադրված պատասխանի համաձայն՝ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում 2024թ․ ապրիլի 3-ի դրությամբ դեռևս խնամք են ստանում 374 երեխա։
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ