Լրահոս
Օրվա լրահոսը

Ականջավոր գավաթի համար պայքարում մնացել են ուժեղագույն չորս ակումբները.

Ապրիլ 25,2024 18:33

Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանը մեզ պարգևեց բազմազան հույզեր, անսպասելի անակնկալներ, ոգևորություն և հիասթափություն։ Սակայն դրանով էլ առանձնանում է ֆուտբոլը:

Առաջարկում ենք ծանոթանալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ անցած ակումբներին, նրանց մարզավիճակին և չեմպիոնության հնարավորություններին.

Կիսաեզրափակիչ հասած թիմերից են ինչպես նրանք, որոնք կարող էին և պետք է հայտնվեին այստեղ, այնպես էլ անակնկալներ։ Ականջավոր գավաթի տասնչորսակի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», ֆրանսիական «ՊՍԺ»֊ն և գերմանական ֆուտբոլի դրոշակակիրներ՝ «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։

Եվրոպական ֆուտբոլի ամենափառահեղ դիմակայություններից մեկին ենք ականատես լինելու ընդամենը մեկ շաբաթ անց. «Ալիանս Արենայում» «Բավարիան» ընդունելու է արքայական ակումբին, իսկ գերմանական մեկ այլ քաղաքում՝ Դորտմունդում մեղուները կհյուրընկալեն «Պարի Սեն Ժերմենին»։

Դորտմունդի «Բորուսիային» կարելի է համարել այս չորսից՝ գլխավոր անակնկալը։ Մեղուները բավարար մրցաշրջան չեն անցկացնում ներքին առաջնություններում. Էդին Տերզիչի թիմը դեռ վաղուց դուրս էր մնացել երկրի գավաթի խաղարկությունից, իսկ Բունդեսլիգայում այժմ հինգերորդն է և պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար։ Սակայն ամեն ինչ ավելի հաջող դասավորվեց Չեմպիոնների լիգայում. Դորտմունդը մահվան խմբից կարողացավ դուրս գալ առաջին հորիզոնականով, իսկ փլեյ ֊ օֆֆ փուլում մրցաշարից դուրս թողեց նախ «ՊՍՎ»֊ին, իսկ հետո արդեն Մադրիդի «Ատլետիկոյին»։ Իսկ այժմ մրցակիցը Ֆրանսիայի բազմակի չեմպիոն «ՊՍԺ»֊ն է։

Մբապեին և ընկերներին կարելի է համարել ամենաանհաջողակներից Չեմպիոնների լիգայում, քանի որ վերջին տարիներին թիմը միշտ իրատեսական հնարավորություններ է ունեցել նվաճել ականջավոր գավաթը, սակայն ամեն անգամ ինչ որ բան խանգարել է։ Կան շշուկներ, որ սա Կիլիան Մբապեի վերջին մրցաշրջանն է փարիզյան ակումբի կազմում և սա կարող է հավելյալ դրդապատճառ հանդիսանալ, որ թիմը ավելի եռանդուն պայքար մղի բաղձալի նպատակին հասնելու համար։

Հաջորդ դիմակայությունը համարվում է Եվրոպայի մեծագույններից մեկը։ Համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտաններից երկուսն են բախվելու իրար։ Մադրիդի «Ռեալը» ամեն մրցաշրջանում սկսում է Չեմպիոնների լիգայում պայքարը ֆավորիտի կարգավիճակով։ ԵՎ դա պատահական չէ. Սերուցքայինները այս մրցաշարը հաղթել են տասնչորս անգամ, իսկ 21֊երորդ դարում արդեն ունեն Չեմպիոնների լիգայի վեց տիտղոս։ Մադրիդի «Ռեալը» զգալի առավելությամբ առաջատարն է Լա լիգայում և կարող է ուժերը կենտրոնացնել «Բավարիայի» հետ դիմակայությանը։

Իսկ գերմանական մեքենայի համար այս մրցաշարը վերջին փրկօղակն է մրցաշրջանը չտապալելու համար։ «Բավարիան» բաց թողեց ձեռքից արծաթյա սկուտեղը, Գերմանիայի գավաթից էլ դեռ վաղուց են դուրս մնացել։ Տուխելը իր վերջին շաբաթները Մյունխենում փառահեղ անցկացնելու համար պետք է անի հնարավորը՝ Մադրիդի «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 30֊ին և մայիսի 1֊ին, իսկ պատասխան խաղերը կանցկացվեն մայիսի 7֊ին և 8֊ին։

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Չորրորդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930