Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեք կորցնի: Հետո՝ ուշ չի լինի: Թողեք հանգիստ, կառավարությունն էս ընթացակարգն անում է՝ չմեռնելու համար». Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը համոզում էր ցուցարարներին

Ապրիլ 25,2024 18:01

Բագրատաշենի անցակետի հարակից տարածքում քիչ առաջ կրկին իրավիճակը լարվեց: Հիշեցնենք, միջպետական ճանապարհի այդ հատվածը արդեն տեւական ժամանակ՝ փակ է: Մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի սատարումն Տավուշի, որտեղ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են:

Այստեղ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացված:

Ոստիկաններն այդ հատվածից կրկին քաղաքացու բերման ենթարկեցին: Պաշտոնական պարզաբանում թեեւ չտվեցին, բայց խոսակցություններից հասկանալի դարձավ, որ հայհոյանքի համար են քաղաքացուն բերման ենթարկում: Բերման ենթարկվածի համագյուղացիները փորձում էին բացատրել, որ «մարդու տունը թուրքից 100 մետր հեռու է դառնում, դրա համար էլ վրդովվել է», բայց՝ ապարդյուն:

«Ես չեմ ուզում իմ ընտանիքը, իմ երեխեն թուրքի, մուսուլմանի տակ ապրի: Մենք մեր հողն ենք պահում»,- վրդովված ոստիկաններին դիմեց Հաղթանակ գյուղից Վալեր Մելքոնյանը՝ հորդորելով իրեն էլ զենք տան, ոստիկաններն էլ կանգնեն մարդկանց կողքին՝ միմյանց հետ հայրենիքը պահեն՝ «տղամարդավարի»: Նրա ընտանիքը արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանից բռնի տեղահանվել է. «Մի հետ եկել ենք, ստեղ ստեղծել ենք, մեր համար ապրում ենք, ես չեմ ուզում նորից կորցնենք: Ես պատրաստ եմ առաջինը գնամ՝ գոնե կիմանամ թուրքի գյուլլից եմ մեռել»:

Փոխգնդապետ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հանգստացնում էր քաղաքացիներին՝ ասելով, որ կառավարությունը մտածում է հենց մարդկանց անվտանգության ու նրանց խնդիրները լուծելու համար. «Չեք կորցնի: Հետո՝ ուշ չի լինի: Ինձ հավատացեք: Թողեք հանգիստ, կառավարությունն էս ընթացակարգն անում է՝ չմեռնելու համար, մենք ոչ մեկս էլ չենք մեռնելու»:

Բայց երբ մարդիկ հստակ երաշխիքներից սկսեցին խոսել՝ գնդապետն արդեն պատասխաններ չուներ: Հետագա խոսակցությունը նա որակեց քաղաքական ու պնդեց՝ ՀՀ-ից հող չի տրվել, չի էլ տրվելու: Հարցին՝ Հայաստանը հող չունի՞, որ միայն տալիս ենք, գնդապետը պատասխանեց. «Ունի, ո՞նց չունի, մի խանգարեք, թողեք թող մարդիկ աշխատեն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930