Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:
Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:
Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:
Կարդացեք նաև
Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.
- Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն:
- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:
- ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):
2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ