Լրահոս
Օրվա լրահոսը

Զեմֆիրա Միրզոեւա. երբ Հայաստանում մարդու իրավունքներ են խախտվում, առաջինը ՄԻՊ-ը պետք է արձագանքի

Ապրիլ 25,2024 17:48

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2023-ի գործունեության, տարեկան զեկույցի հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան ՄԻՊ Անահիտ Մանասյանին ասաց. «Այս պահին մարդիկ Տավուշում բռնության եւ խուլիգանության են ենթարկվում: Օրինակ, ապրիլի 23-ի երեկոյան խաղաղ ցույց իրականացնող մարդկանց վրա վրաերթ է իրականացվել ու ըստ ականատեսների, ոստիկանները չեն միջամտել, որոշ ժամանակ հետո դա կրկնվել է: Այսօր էլ բռնությունները շարունակվում են: Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել: Այդ քաղաքացիների մեջ է նաեւ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը»: Միրզոեւայի կողքին նստած էր Անդրանիկ Քոչարյանը, նա, լսելով լուրը, զարմանքով արձագանքեց. «Ի՜նչ եք ասում»:

Միրզոեւան, տեսնելով ՔՊ-ականների հետաքրքրվածությունը, պատմեց, որ Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց՝ ոստիկանների բռնությունների հետեւանքով:

Միրզոեւան, այս ամենը ներկայացնելով, պաշտպանին հարցրեց, թե ամսի 23-ից երկու օր է անցել, ի՞նչ գործնական քայլեր է արել կամ պատրաստվում իրականացնել:

Անահիտ Մանասյանը պատասխանեց. «Հիմա նույն հարցը ես կարող եմ ձեզ տալ, թե այդ նույն իրավասության շրջանակներում դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, ի՞նչ գործնական քայլեր եք ձեռնարկել՝ նշված խնդիրները լուծելու ուղղությամբ: Դուք եւս, ինչպես ես, բարձրաձայնում ենք այդ խնդիրները: Միգուցե դուք էլ ունեք գործիքներ ու չեք կիրառել եւ դա դառնա իմ հաջորդ տարվա զեկույցում ներկայացման ենթակա թեմա»:

Մանասյանն ասաց, որ ՄԻՊ-ը ՆԳՆ մարմին չէ, դատավոր չէ, դատախազ չէ, փաստաբան չէ, ունի հստակ մանդատ. «ՄԻՊ ինստիտուտը ձեւավորվել է կոնկրետ նպատակով ու ունի հստակ գործիքակազմ՝ տեսնել, արձանագրել խնդիրները եւ տալ լուծումներ: Տավուշի եւ այս բոլոր դեպքերի հետ կապված վրաերթի դեպքը արձանագրեցիք, ես հրապարակային եմ խոսել նույնիսկ այդ դեպքի մասին, հատկապես պետական մարմիների կողմից բռնության ցանկացած դեպք դատապարտել եմ ու հորդորել պատշաճ քննության իրականացում, հիմա ակնկալում եմ պետական մարմինների արձագանքը»:

Միրզոեւան ասաց, որ երբ Հայաստանում մարդու իրավունքներ են խախտվում, առաջինը ՄԻՊ-ը պետք է արձագանքի, իսկ ինքը, որպես պատգամավոր, թե՛ փողոցում է եղել, թե՛ քաղաքացիների հետ: Նա ասաց, որ պաշտպանից ակնկալում է դեպքերին ճիշտ ու պատշաճ արձագանքում՝ ժամանակին:

Մանասյանն էլ պատասխանեց, որ հենց հիմա իր հանձնարարությամբ իր աշխատակիցները Նոյեմբերյանի ճանապարհին են, պարզապես իր համար կարեւոր է ոչ թե հերոսի կերպար ձեւավորելն ու անընդհատ խոսելը, ուշադրության կենտրոնում լինելը, այլ պաշտպանի գործառույթներն իրականացնելը՝ իր գործիքակազմով:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930