Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է

Ապրիլ 25,2024 17:37

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Նոր փոփոխությամբ՝ ուսուցիչները ծրագրին կկարողանան դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ներգրավումն ուսումնական հաստատություններում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին: Նա ընդգծել է՝ նոր կարգավորմամբ ամրագրվել է նաև, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:

Նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:

2024 թվականի մարտի 31-ի դրությամբ ծրագրի շահառու է հանդիսանում 330 ուսուցիչ, ուստի ժամկետների երկարաձգմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը:

Նշենք, որ ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։  Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարվա ընթացքում, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ. մարզերի դպրոցների թափուր աշխատատեղերը հրապարակված
են https://kadrer.emis.am համակարգում, որտեղ գրացվելով՝ նրանք կարող են գործուղման հայտ ներկայացնել:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930