Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ահազանգել են, որ ոստիկանության բաժնում անձանց բռնության են ենթարկում, բայց մեկնել ենք ու տեսել, որ նույնիսկ քաղաքացին չի բողոքում». ՄԻՊ

Ապրիլ 25,2024 17:33

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց 2023-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը», ինչպես նաեւ եւ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Անահիտ Մանասյան

Օմբուդսմեն Անահիտ Մանասյանը կարեւորեց, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն առաջին անգամ ընդգրկվել է ՄԻՊ-ի եվրոպական ցանցի կառավարման մարմնում. «Սա շատ լուրջ ձեռքբերում է»:

Անդրադառնալով խնդիրներին՝ Մանասյանը նշեց անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտը, որը հասարակությունում առկա է: Նա նաեւ խոսեց կալանքների, անմեղության կանխավարկածի խախտման մասին. «Ես մտահոգիչ եմ համարել այն թվերը, որոնք կալանքների առումով ունենք ՀՀ-ում: Ազատությունից զրկված անձանց կեսից ավելին կազմում են կալանավորված անձինք, ինչը նորմալ չէ ընդհանուր վիճակագրության եւ տարբեր պետությունների համեմատության կոնտեքստում»:

Խոսելով ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումների մասին՝ նա ասաց, որ խաղաղ պայմաններում մահվան կանխարգելումն առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ անկախ հընթացս իրականացվող բարեփոխումներին, շարունակում ենք ունենալ այդ խնդիրը:

Պաշտպանը խոսեց լրագրողների իրավունքների խոչընդոտման, երեխաների նկատմամբ բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների, ինչպես նաեւ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի անթույլատրելիության մասին: Ասաց, որ երեխաները բռնության են ենթարկվում ինչպես ընտանիքներում, այնպես էլ տարբեր խնամքի հաստատություններում: Պաշտպանն ասաց, որ կարեւոր է լրագրողների մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացման երաշխավորումը եւ դեպքերի առկայության դեպքում պետք է դրանց պատշաճ քննություն իրականացվի՝ իհարկե, կարեւորելով նաեւ լրագրողների կողմից էթիկայի սկզբունքի պահպանումը:

Պարզվում է՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը ինքը ունի պաշտպանության կարիք: Անահիտ Մանասյանն ասաց, որ չի խոսի կոնկրետ իր նկատմամբ առերեւույթ հանցանք պարունակող ոտնձգություններից, բայց չի կարող չանդրադառնալ ՄԻՊ աշխատակազմի դեմ տարվող դեպքերին. «Ես նկատել եմ դեպքեր, որոնք ոչ էթիկայի, ոչ իրավաչափության տեսանկյունից պատշաճ չեն: Օրինակ, վերջին ժամանակահատվածում փաստաբանական գործունություն իրականացնող անձանց կողմից հետեւյալ ձեւակերպումներով ՄԻՊ աշխատակազմի գործունեության առնչությամբ արտահայտություններ են նկատվել: Օրինակ, հանձնարարել եմ արագ արձագանքման խումբ մեկնի՝ խոշտանգման, վատ վերաբերմունքի զոհ դարձած անձի տեսակցելու եւ հետագայում փաստաբանի կողմից ներկայացվում է դիրքորոշում, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները «չշահագրգռված դեմքերով» էին ներկա գտնվում այդ վայրում: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նվիրյալներ են»:

Նա ասաց, որ ինքը խոսում է փաստաբանների, լրագրողների, իրավապաշտպանների իրավունքների խախտումներից ու նույն վերաբերմունքը պահանջում է ՄԻՊ աշխատակազմի նկատմամբ: Ըստ օմբուդսմենի, ՄԻՊ աշխատակազմի դեմ իրականացված տարբեր դեպքեր վերլուծելով՝ եկել են եզրակացության, որ միգուցե որոշ ուժերի կողմից է կազմակերպված եւ կրում է համակարգային բնույթ:

Մանասյանն ասաց, որ հասարակության մի մասը փորձում է ՄԻՊ-ին ներգրավել քաղաքականության մեջ՝ համարելով նրան որպես դասական քաղաքական գործիչ, մյուս մասն էլ գտնում է, որ երբ մի տեղ մի դեպքի մասին հրապարակվեց, միանգամից պետք է խոսեն այդ խնդրի վերաբերյալ, մինչդեռ իրենց մեթոդաբանությունն այլ է. «Բազմաթիվ ահազանգեր ենք ունենում բռնության, խոշտանգման դեպքերի մասին, բայց բոլոր դեպքերում չէ, որ երբ մենք մեկնում ենք դեպքի վայր, կատարում ենք ընդհանուր ուսումնասիրություն զրուցում ենք անձի հետ, հիմնավորվում է վատ վերաբերմունքի փաստը: Օրինակ, մեզ ահազանգել են, որ ոստիկանության բաժնում անձանց բռնության են ենթարկում, նաեւ նշել են, որ խտրականության հիմքով է դա արվում, բայց մեկնել ենք ու տեսել, որ նույնիսկ քաղաքացին չի բողոքում իր նկատմամբ բռնությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ բռնության վկայություն ԱԺԲ երեկվա հանրահավաքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930