Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդվարդ Ասրյան, Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան՝ բոլորն այսօր կատարում են անօրինական գործողություններ»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 25,2024 17:24

«Թվային պատկերով 12 բերման ենթարկված ունենք, որ սպասում ենք ժամը լրանա, բաց թողնեն։ Գառնիկ Դանիելյանի վիճակը փոքր-ինչ կայունացել է, բայց բժշկական օգնության կարիք ունի, հիվանդանոցում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում Ոսկեպար-Կիրանց հատվածում, որտեղ Տավուշի և այլ մարզերի բնակիչներ փակել են ճանապարհը, թարմ տեղեկություններ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հայտնեց՝ տեսել է, որ այստեղ նաև Երևանից քաղաքացիներ կան, որոնք եկել են իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ինչպես ՀՀ-ի տարբեր մարզերում է տեղի ունենում։ Պատգամավորը վստահեցրեց․ «Սա միայն Տավուշի հարցը չէ։ Սա բոլորի, ամբողջ Հայաստանի հարցն է։ Նիկոլ Փաշինյանն է փորձում Տավուշի երեք-չորս գյուղերում պտտվելով՝ մոլորեցնել մեր հայրենակիցներին և դրանով տպավորություն ստեղծել, որ դա միայն Տավուշի հարցն է։ Բայց ՀՀ-ում քաղաքացիները դա հասկանում են»։

Մինչ Գեղամ Մանուկյանը ճեպազրույց էր տալիս լրագրողներին՝ քաղաքացիները կրկին փորձեցին ճանապարհը փակել։ Տեղում էր նաև ՀՀ Տավուշի մարզի ոստիկանապետը։

Լրագրողները Գեղամ Մանուկյանի հետ զրույցում հիշեցրին՝ ժամեր առաջ, երբ ոստիկանությունը բռնի ուժով բացեց ճանապարհը, քաղաքացիներին երկու րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար և հարցրին՝ դա ողջամի՞տ ժամկետ է Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «ՀՀ-ում մի իրավիճակ է, որ Դուք՝ որպես լրագրող՝ Տեղեկատվության ազատության մասին, ԶԼՄ մասին ՀՀ օրենքները պետք է մոռանաք, մենք՝ որպես քաղաքացի հազար ու մի օրենք պետք է մոռանանք, մենք՝ որպես ԱԺ պատգամավոր՝ ԱԺ Կանոնակարգ օրենքն ենք մոռացել։ ՀՀ-ում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան։ Եվ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն ամեն քայլափոխի արտահայտվում է»։

Այն, որ պայքարը շղթայական ծավալվում է ՀՀ բոլոր մարզերում Գեղամ Մանուկյանն այսպես մեկնաբանեց․ «Ցավալիորեն, բայց վերջապես ՀՀ-ում մեր հայրենակիցը սկսեց հասկանալ՝ Տավուշի խնդիր չկա, Արցախը դարպասն էր, անվտանգությունն էր ՀՀ-ի։ Հիմա Տավուշն է։ Երևանցին հասկանում է, որ այս քայլերով այս իշխանությունը վտանգը բերելու է իր դուռը։ Պաշտոնապես ասում եմ՝ այն, ինչ կատարվում է, անօրինական է։ Էդվարդ Ասրյան, Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան՝ բոլորն այսօր կատարում են անօրինական գործողություններ։ Պետական սահմանի մասին օրենքը ոտնահարում են։ Դեռ համաձայնագիր չստորագրած սկսում են սահմանազատում իրականացնել։ Դա անօրինական է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930