Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերանայվի բուհերի ընդունելության կարգը

Ապրիլ 25,2024 17:27

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ: Կվերանայվեն նաև բուհերի ընդունելության գործող կարգի որոշ տեխնիկական դրույթներ: 2023-2024 ուստարում չափորոշիչը փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հենված է սովորողների մոտ հմտությունների և կարողունակությունների զարգացման սկզբունքի վրա: 2024 թ. նախատեսվող պետական ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում նախատեսվում է Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողների գիտելիքները ստուգել նաև նոր չափորոշչի շրջանակում ուսումնական վերջնարդյունքները ստուգող և միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությամբ թեստերի միջոցով ևս, որի հիմքում բնագիտական քննությունների մասով կլինեն նաև լաբորատոր-գործնական աշխատանքների մասին կարգավորումներ: Թեստերի միջոցով կստուգվեն հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերջնարդյունքները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով: Կարգավորման նպատակը հենց այս 2023-2024 ուսումնական տարվա ավարտից փորձնական ներդնել թեսթերի /առաջադրանքների/ նոր համակարգ (նոր ծրագրային նյութի վերջնարդյունքները գնահատելու համար), որի արդյունքները, որպես նաև ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, արդեն 2026 թվականից հետո հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կիրառելու ակնկալիքով: Այս ձևաչափով քննությունները կկազմակերպվեն ընդունելության հիմնական  փուլից հետո, հուլիս ամսվա ընթացքում: Այն լրացուցիչ ևս մեկ հնարավորություն է քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու առավել բարձր արդյունքով: Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է փոխել նաև բուհեր ընդունելության սկզբունքները, և փորձնական այս հնարավորությունը, դրա արդյունքների վերլուծությունը թույլ կտան մշակել նոր մոտեցումներ:

Որոշմամբ 2024-2025 և 2025-2026 ուստարիների ընդունելության համար ևս, ինչպես 2022-2023, 2023-2024 ուսումնական տարիներին, ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի «Արարատյան Բակալավրիատ»-ին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրումը ՀՀ ողջ տարածքում: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը, շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ ՀՀ կամ այլ պետությունների ուսումնական հաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա: Կարգավորվում է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլի գործընթացները, հայտագրման ժամկետը հուլիսի 19-ից տեղափոխվել է հուլիսի 20-ը՝ հուլիսի 18-ին հիմնական փուլի ամփոփումից հետո համակարգը հաջորդ փուլին պատրաստելու ժամանակ շահելու համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդունելության կարգում նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով: «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը համարվում է նաև կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կդառնան նաև բուհի համար ընդունելության քննություններ»,- ասել է նախարարը: 2026 թվականից այս համակարգն արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի Տավուշի մարզի, իսկ 2026 թվականին Երևանի և բոլոր մարզերի դպրոցների շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններին ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ մեխանիզմներ են գործարկվելու, որպեսզի քննության գնահատականն արտահայտի օբյեկտիվ պատկերը:

Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով. «Այսինքն՝ այստեղ մարդկային գործոնը բացառված է: Քննությունների կազմակերպումն իրականացվում է ԳԹԿի կողմից, քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում: Հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը: Պետք է ունենալ նաև շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, ինչպես «Հայոց լեզուն» է: Մնացած բոլոր առարկաների պարագայում դպրոցները պետք է ունենան գնահատման և ստուգման մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը»: Նախարարը հավելել է, որ պետք է աստիճանաբար բերել այն բանին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք:

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ քննությունների ու գնահատման համակարգի օբյեկտիվության հետ կապված Հայաստանում մեծ խնդիր կա. «Ես չեմ կարծում, թե մենք ձերբազատվել ենք այն ընկալումից, որ երեխային բարձր գնահատական նշանակելը՝ անկախ նրանից, թե երեխան ու գիտելիքը կամ հմտությունը գնահատականի հետ ի՞նչ հարաբերություն ունեն, մեր իրականության մեջ համարվում է լավություն: Այսինքն՝ շատ լավ բարեկամական մեծ բան արվեց, երբ երեխային ավելի բարձր գնահատական նշանակվեց, այս կետից շղթան սկսում է աշխատել»:

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Եթե դպրոցում որոշակի գնահատման իրավիճակ կա, օրինակ՝ բոլորը ստանում են ամենաբարձր գնահատականները, ապա մենք արտաքին գնահատում ենք անցկացնում, և եթե դրա արդյունքները էապես տարբերվեն դպրոցի միջին գնահատականներից, ապա այստեղ պարզ է, որ գալիս է բացատրություններ տալու հերթը, և պետք է պարզաբանում ներկայացնել: Ընդ որում՝ դա կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է երեխաներին բարձր գնահատել, այնպես էլ ուսուցիչները ունեն այնպիսի մոտեցում, որ ամենաբարձր գնահատական գրեթե ոչ մեկի չեն դնում, գնահատման սանդղակում կա առավելագույն՝ 10 միավոր, որը գրեթե չի կիրառվում և գրեթե ոչ մեկ այն չի ստանում, ինչը նույնպես ճիշտ չէ»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտաքին գնահատման մեխանիզմով հնարավոր կլինի վերահսկել դպրոցներում գնահատման համակարգը։ Նախարարը նկատել է՝ բոլոր դպրոցներում ներդրվել է էլեկտրոնային մատյան, ինչի արդյունքում բոլոր դպրոցների գնահատականները նախարարության ամենօրյա վերահսկողության դաշտում են։ 

Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջարկվող կարգավորումը կոչված է ապահովելու կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքերի ձևավորումը՝ միջազգային իրավական պահանջներին համահունչ և գործնականում առկա խնդիրների հաշվառմամբ ձևավորելով անհրաժեշտ նյութական հիմքեր և դատավարական գործիքակազմ։ Օրինագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակեցվել է կիբեռհանցագործությունների շրջանակը, տարանջատվել են բաժանորդի, փոխանցվող և բովանդակային տվյալները, սահմանվել է դրանց շրջանակը, սահմանվել է նախնական դատական վերահսկողության այնպիսի տվյալների վերաբերյալ տեղեկատվության պահանջի քննչական գործողության նկատմամբ, ինչպիսիք են՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով:

Հարցը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և նշել, ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն: Մինչդեռ, ըստ փոխնախարարի, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց առկա է մի կարևոր բաղադրիչ, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար. «Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ, թե ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես, առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»:

Արփինե Սարգսյանը նշել է, որ կա ավելի քան 100 տելեգրամյան ալիք, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ: Փոխնախարարը նշել է՝ 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների 249 դեպք:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իմ կարծիքով՝ բովանդակության առումով ամեն ինչ ճիշտ է և պետք է կարգավորվի: Բայց մեթոդական առումով, ինձ թվում է էլի որոշակի մոտեցման մեջ խնդիր ունենք, որովհետև մենք այս ընթացքում ինչ խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության, խոսել ենք բացասական ենթատեքստով: Անընդհատ խոսել ենք, որ դրանով հանցագործություն են անում, դրանով թմրանյութ են վաճառում: Բայց այդ նույնն անում են նաև մեզ հայտնի ավանդական փողով, բայց ոչ մեկ չի ասում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այսքան փող կա: Եվ այստեղ ես կարծում եմ՝ մենք կրկին, մեր սովորություններին համաձայն, ուշանում ենք և սպասում ենք տեսնենք, երբ ամբողջ աշխարհն այս հարցերի հետ հարաբերվելու նոր կուլտուրա կունենա: Մենք այստեղ կրկին ուշանալու ենք՝ բաց թողնելով և տեխնոլոգիական զարգացումները: Ի վերջո, կրիպտոարժույթն ի՞նչ է: Կրիպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին, իմիջիայլոց, ժամանակին եղել է փողը, ինչպիսին ժամանակին եղել է անկանխիկ փողը և այդպես շարունակ:

 Սա էլ այն դեպքերից է, երբ հստակ է՝ քաղաքական առաջնորդությունը երբեմն շատ բան, երբեմն էլ ոչ մի բան չի նշանակում, որովհետև ես, օրինակ, վաղուց աշխատանքային և ոչ աշխատանքային ֆորմատներով արտահայտել եմ տեսակետը, որ մենք այս հարցի հետ պետք է հարաբերվենք: Մենք պետք է հստակ կարգավորենք: Մենք օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ի՞նչ է ընդհանրապես, թե դա ի՞նչ կանոններով է աշխատում և այլն»:

Վարչապետի կարծիքով՝ այստեղ էլ կառավարությունը պետք է ի վիճակի լինի որոշումներ կայացնել. «Եվ այստեղ է, որ ասում եմ՝ քաղաքական առաջնորդությունը ոչ մի բան չի նշանակում, որովհետև հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, մի նախադասություն, Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում, որ ամեն հիմա ինչ կքանդվի, այդ թեմայի մասին պետք չի խոսել: Բայց իմ կարծիքով՝ այդ գծերը գոնե անցել ենք: Ինչի՞ ենք այս փաթեթն ընդհանրապես ընդունում՝ չիմանալով, թե ինչի մասին ենք ընդունում: Մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույթն ի՞նչ է: Մարդն իրավունք ունի՞ ունենալ կրիպտոարժույթ, թե չէ: Մեկը հաշվել է, թե մենք պետական բյուջեի ինչքա՞ն եկամուտ ենք թերհավաքագրում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Հաշվե՞լ է որևէ մեկը՝ էական չի, թեկուզ 10 դրամ ենք բաց թողնում: Բայց ո՞վ է մեզ իրավունք տվել մեր պետության 10 դրամ եկամուտը ուղղակի դնել մի կողմ: Եվ այստեղ ես մեծ պրոբլեմ եմ տեսնում ու ակնկալում եմ, որ ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը այս ուղղությամբ արվող աշխատանքներն արագացնեն ու այդ մտավախությունների դաշտից դուրս գան: Մտավախություններն ամեն տեղ են՝ եկեք տանից դուրս չգանք, որովհետև ես հիմա կարող եմ այնքան սցենարներ ներկայացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք բան չենք անում: Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա պայթել, երկրի տակից պայթել, ավելի մեծ ռիսկ գոյություն չունի: Մեր բոլոր պրոբլեմները նրա մասին են, որ մենք ասել ենք՝ լավ, եկեք, չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա. «Ճիշտը կլիներ այն, որ այս փաթեթի մեջ առաջին հիմնական օրենքը լիներ կրիպտոարժույթների մասին, թե դա ինչ է իրենից ներկայացնում և ինչպես է օգտագործվում և վերլուծություն լիներ՝ մարդիկ գործարքների ո՞ր մասն են, ո՞ր կրիպտոարժույթով են վճարում, և մեզ համար այդքան էլ տեսանելի չէ»:  

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ օրենքը նախաձեռնվել է, շուտով կդրվի շրջանառության մեջ: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է՝ պետք է պարզել, թե կրիպտոակտիվները ինչ հնարավորություններ կարող են ստեղծել ՀՀ-ի համար: Նախարարը տեղեկացրել է, որ ԲՏԱՆ-ն առաջիկայում մտադիր է մի շարք աշխատանքային քննարկումներ նախաձեռնել. «Եթե մենք նույն կրիպտոարժույթների մասով որոշենք, որ պիտի խիստ պահպանողական կեցվածք որդեգրենք, իրականում դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, և մենք տասնամյակներ անց ուղղակի արձանագրելու ենք, որ այս զարգացումներից հետ ենք մնացել»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է՝ ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում, քանի որ ոլորտը կարգավորված չէ:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հարցը պետք է լուծել. «Երբեք, ոչ մի դեպքում պետք է հույս չունենանք, որ միանգամից դնելու ենք մի կարգավորում, որը կատարյալ բոլոր հարցերը լուծելու է: Ոչ, պետք է գործընթացը սկսել և հընթացս  լավարկելու ճանապարհով առաջ գնալ»:

Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների համար հաստատված միջոցներից 1,697,566.2 հազար դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումների կատարումն ապահովելու համար: Գումարը կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, միջին նորոգման, ինչպես նաև նախագծերի փորձաքննության և ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծման ծառայության (30%-ի) վճարման համար: Նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 26.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 0.17 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 18.64 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 7.35 կմ, իսկ միջին նորոգմանը՝ մոտ 0,6 կմ։

Իրականացվել են հետևյալ հիմնանորոգման աշխատանքները՝ Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան տանող ավտոճանապարհի 7.468 կմ հատված, Հրազդան համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի 4.2 կմ հատված, Ֆանտան բնակավայրի տարածքով անցնող ավտոճանապարհի 2.3 կմ հատված, Բջնիից Հրազդան տանող ավտոճանապարհի 10.8 կմ հատված, Արթիկ համայնքով անցնող ավտոճանապարհի 4.9 կմ հատված, Իծաքարից Գանձաքար տանող ավտոճանապարհի 35.006 կմ հատված, Հրազդանից Ծաղկաձոր տանող ավտոճանապարհի 10.5 կմ հատված, Գավառ-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք բնակավայրերը իրար կապող ավտոճանապարհի 12.9 կմ հատված, Արմանիսից Ուրասար և Կաթնաղբյուր տանող ավտոճանապարհի 8.6 կմ հատված և Կաթնաղբյուր բնակավայրի 8-րդ և 9-րդ փողոցներ (1.947կմ): Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում՝ Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից Չարենցավան տանող ավտոճանապարհի մնացած 0.6 կմ հատվածում:

Գումար կհատկացվի նաև՝ Մրգաշատ-Ալաշկերտ- գ․Արմավիր ավտոճանապարհի 4 կմ առանձին հատվածների հիմնանորոգման նախագծի պատրաստման (30%) և փորձաքննության իրականացման, Խնձորեսկից Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 հատվածի հիմնանորոգման նախագծի փորձաքննության իրականացման, Շամբից դեպի Շամբի ջրամբար տանող ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծի փորձաքննության, Որոտան բնակավայրի ճանապարհի 1.7 կմ հատվածի հիմնանորոգման նախագծի փորձաքննության համար:

Գումար է հատկացվել ավարտված հետևյալ շինաշխատանքների համար՝ Ազատանից դեպի Շիրակի օդանավակայնի խաչմերուկ 5.7 կմ հատվածի հիմնանորոգում, Սպիտակի ոլորանների հիմնանորոգում, Աբովյանից դեպի Աբովյանի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգում, Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Չարենցավան հատվածի միջին նորոգում:

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ:

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհարժեշտությամբ: Այսպիսով՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և խոտհարքներ) տանող գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ, իսկ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերում մասնակից չլինելու հանգամանքով պայմանավորված՝ մրցույթները վերահայտարարվել են և գտնվում է կատարման ընթացքում։ Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին կհատկացվեն, համապատասխանաբար 3,168 հազար դրամ, 2,930 հազար դրամ, 2,090 հազար դրամ, 3,300 հազար դրամ, 5,886 հազար դրամ: Որոշման ընդունումը կնպաստի՝ պատմամշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևերի զարգացմանը:

Միջազգային համագործակցություն. Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ

Կառավարության որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ 2022 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը: Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Համաձայնագրով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

Ամառային զորակոչ՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2022թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել 2023-2024թթ. ընթացքում օրենսդրական փոփոխությունների և լրացումների արդյունքում կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների, 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած (2024թ. փետրվարի 12-ից հետո դիմելու հիման վրա) և օտարերկրյա պետությունում համապատասխան ժամկետով համապատասխան ծառայություն չանցած, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած (2024թ. փետրվարի 12-ի դրությամբ) ու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիների զորակոչի հարցը:

Երկարաձգվել է ԼՂից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև  2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Արդյունքում՝ նոր ուսումնական տարում հնարավորություն կտրվի ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն: Երկրորդը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգն է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք: Արդյունքում կապահովվեն պայմաններ՝ թանգարանների տոմսերի վաճառքի թվայնացման համար:

Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման պատշաճ և համակարգված աշխատանքներ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, նրա բնակության վայրն այլ է, և այդ դեպքում ստեղծված հայտը փակվում է: Այդ դեպքում գործընթացը շարունակելու որևէ իրավասություն այլևս չի լինում: Ըստ այդմ՝ առաջարկվում է նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով: Առաջարկվում է, որ ԽՀՄ-ն տարվա ընթացքում 2 անգամ՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն կներկայացնի նախարարությանը՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ: Միաժամանակ, առաջարկվում է նաև, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա՝ մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների՝ գործող կարգով սահմանված պարտականությունների շրջանակում դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և երեխաների թվի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի նախարարությանը: Սահմանում է նաև նոր դրույթ, համաձայն որի՝ արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Ըստ այդմ՝ 4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում: Որոշմամբ՝ մագիստրատուրայի 2024-2025 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության՝ «Ավիատիեզերական ճարտարագիտություն», «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության՝ «Ավիատիեզերական սարքաշինություն», «Ֆիզիկա» մասնագիտության՝ «Մակրոմոլեկուլների ֆիզիկա», «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության՝ «Հեռահաղորդակցություն», «Կենսաբանություն» մասնագիտության՝ «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» և այլն: Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8 %-ը (ընդամենը՝ 40,9%):

Օրենսդրական նախաձեռնություններ. ՀՀում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Նախագծերի ընդունման արդյունքում նաև կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում հանրային տարածքների անվտանգությունը, Ոստիկանությունը կստանա հնարավորություն առավել արդյունավետ կատարելու իր գործառույթները հասարակական կարգի և անվտանգության պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման և բացահայտման ոլորտում, ինչպես նաև կընդլայնվի Ոստիկանության փոխհամագործակցությունը մասնավոր տնտեսվարող սուբյեկտների հետ։ Այս փոփոխություններն իրենց հերթին կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում հասարակական կայունության ամրապնդմանը և տնտեսության աճին և զարգացմանը։ Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ։ Գործարանային տեխնիկական բնութագրով տեսահսկման սարքերով կահավորում նախատեսված ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահների, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենաների տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի տեսահսկել ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենայի, ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ։ Համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը կպարտավորվի իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Ոստիկանությանը։

Հավանություն է տրվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու անդամի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները։ Նախագծերով առաջարկվում է ավագանու անդամների համար սահմանել անհամատեղելիության պահանջների վերաբերյալ հստակ կարգավորումներ։ Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները սահմանել ոլորտային օրենսդրությամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով։ Քննարկվող օրենքներում առաջարկվում է սահմանել, որ համայնքի ավագանու անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որևէ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, համայնքային աշխատակազմերում, ինչպես նաև չեն կարող զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային կազմակերպություններում։

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: Այս միջոցառումները կբարելավեն ներքին պարտքի շուկայի մասնակիցների կազմն ու կառուցվածքը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիության աճն ամրագրված է որպես ներքին պետական պարտքի կառավարման նպատակադրում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի կոնսոլիդացիա, շուկային առաջարկել նոր գործիքներ՝ ընդլայնելով ներդրողների շրջանակը, ինչպես նաև փոխանակման աճուրդների կազմակերպման միջոցով լրացուցիչ գործիքակազմ ապահովել վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու զուտ միջոցների տեսակարար կշռի ավելացումն արտաքին փոխառու զուտ միջոցների նկատմամբ միտված է նվազեցնել փոխարժեքի ռիսկը, ինչպես նաև հիմքեր ստեղծել ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա խորացման համար:

Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշումներով «Ֆարմատեք» և «Վալան պրոֆ» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Ֆարմատեք» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։ 1997 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում: Արդեն իսկ իրականացվել է 330 մլն դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 94-ի՝ 429 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 155.6 մլն դրամ:

«Վալան պրոֆ» ՍՊԸ ներմուծվող հումքը կօգտագործի մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։ 2004 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 13.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 131 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 174-ի՝ 192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.46 մլրդ դրամ:

Այլ որոշումներ. Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ կհատկացվի 6.6 մլն դրամ՝ 2024թ․ մարտ և ապրիլ ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի պետական գույքի վաճառքն (օտարում, մասնավորեցում) աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վաճառքի էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930