Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պակաս հպարտ քաղաքացի դու չես․ ես ոստիկան եմ, ընկեր։ Ես ծառայություն եմ իրականացնում»․ Մարտունու ոստիկանապետը՝ պատգամավոր Արման Ղազարյանին

Ապրիլ 25,2024 15:58

«Կես ժամը չի կարող լինել ողջամիտ ժամկետ, ճանապարհը պետք է բացվի»,- Երևան-Սևան միջպետական ճանապարհը Ծակքարի հատվածում փակած մարտունեցիներին զգուշացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հակադարձեց՝ մենք մեր սահմանադրական իրավունքն ենք իրացնում։ Այնուհետև ոստիկանապետին խնդրեց սադրիչներին հեռացնել։

Արման Ղազարյանն ասաց, որ իրենց անհնազանդության ցույցի նպատակը տավուշցիներին աջակցությունն է․ «Մեր նպատակն է աջակցել Տավուշի մեր հայրենակիցներին և կասեցնել հակասահմանադրական գործընթացը, որ երեք մարդով փորձում են մեր Հայաստան աշխարհում սահմանազատման և սահմանագծման անօրինական գործողություններ իրականացնել։ Օրերս եղել եմ Տավուշում․ սոսկալի նեղ վիճակ է։ Վստահ եմ՝ այդ ամենը էնտեղից պրծնելու, տեղափոխվելու է Վարդենիս»։

Ոստիկանապետ Ստեփան Հակոբյանն ասաց՝ ինձ մի ասա, դու իմացիր: Արման Ղազարյանն ասաց՝ դու իմացի, հպարտ քաղաքացի ես։ Ոստիկանապետն էլ ասաց՝ «Պակաս հպարտ դու չես․ ես ոստիկան եմ, ընկեր։ Ես ծառայություն եմ իրականացնում»։

Մարտունու ոստիկանապետը պնդեց՝ ձեզ տալիս ենք կարճ ժամանակ, որ բացեք ճանապարհը։ Այլապես․․․ Այս խոսքը լսելով՝ պատգամավորը վրդովվեց՝ այլապես ի՞նչ, խոշտանգելո՞ւ եք ժողովրդին, ջարդե՞ք։

Ոստիկանության գնդապետն ասաց՝ մենք կատարելու ենք մեր գործողությունները։ Պատգամավորն ասաց՝ «Ես, ի տարբերություն Ձեզ, ժողովրդի ընտրյալն եմ և պաշտպանում եմ ժողովրդի իրավունքը»։ Ոստիկանապետն էլ ասաց, որ ինքն էլ ապահովում է ժողովրդի ազատ տեղաշարժի իրավունքը։

Ոստիկանապետն ասաց, որ ինքը պարտաճանաչ կերպով իր գործառույթներն է իրականացնում։ Ոստիկանությունը տալիս է ողջամիտ ժամկետ, որպեսզի այլոց իրավունքները չխախտեն։ Պատգամավորն արձագանքեց․ «Շատ ոգևորված եք։ Ոնց որ ոչ միայն պարտաճանաչ կերպով, այլև ինքնաբուխ եք Ձեր գործը կատարում։ Հակոբյան, ոնց որ պաշտոնի խնդիր էլ չունես․ վաղը մյուս օրը թոշակի կգնաս»։ Ոստիկանապետն էլ պատգամավորին ասաց, թե դու էլ ես թոշակի գնալու։ Արման Ղազարյանն արձագանքեց՝ հլը չորս տարի ունեմ. «Հակոբյան, պաշտոնն արժեք չունի, պաշտոնը մնայուն չէ։ 2018-ին դու էլ ես ստեղ եղել»։

Այս ընթացքում մի կին եկավ, որը թեև գնում էր հիվանդանոց ու ճանապարհի՝ փակ լինելու պատճառով չէր կարողանում անցնել, գոչեց․ «Այո, Նիկոլը դավաճան է, զինվորների գլուխը կերավ, երկիրը կործանել է։ Ես Ազատ գյուղից եմ, ես էդ զինվորներին պահել եմ, գիտեմ։ Այն գյուղից եմ, որ զինվորներին վառել են, անբնակ վայր բերեց Նիկոլ Փաշինյանը էդ էրեխեքին, մի բլած տան մեջ թողեց։ Նիկոլի պահած զինվորն է՞դ էր։ Ես էլ երեխա ունեմ, գնում եմ հիվանդանոց, ուղեգիր վերցնեմ, չեն թողնում»։ Մի կին էլ կողքից ասաց՝ ի՞նչ պիտի անեն, բացեք, անցնենք, Երևանում էլ է ցույց, ի՞նչ են անում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930