Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայի Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով ցեղասպանության մեջ։
Ճշմարտության և արդարության կենտրոնը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, որը զբաղվում է հանցագործությունների փաստաթղթավորմամբ և նպատակ է հետապնդում հանցագործներին պատասխանատվության ենթարկելու։ Կազմակերպության առաքելությունն է՝ ուժեղացնել մարդու իրավունքների խախտումների զոհերի ձայնը, ներառյալ խտրականությունը, էթնիկ զտումները, տեղահանումները, պատերազմական հանցագործությունները, զանգվածային վայրագությունները և ցեղասպանությունը:
Կազմակերպությունը հավաքագրում է վերապրածներից ուղղակի ապացույցներ։ Ըստ կենտրոնի՝ կազմվել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված ավելի քան 500 տուժածի և վկայի ցուցմունքներ, որոնք բավարար են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն սկսելու համար՝ ցեղասպանության մեղադրանքով:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Ճշմարտության և արդարության կենտրոնի իրավապաշտպան գործունեությունը։ Ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է 21-րդ դարում հռչակված մարդասիրությանը տրամագծորեն հակասող շրջափակման և ստիպված է եղել գոյատևել հումանիտար աղետի պայմաններում։ Միջազգային արդարադատությունն ի զորու չեղավ ապահովել խնդրի արդարացի կարգավորումը, ընդհակառակը՝ Ադրբեջանի նկատմամբ անբավարար ճնշումներն ու անհամարժեք արձագանքները հանգեցրին ամենաթողության միջավայրում Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը։
Կարդացեք նաև
Որպես ադրբեջանական հանցագործ քաղաքականության զոհեր՝ մենք հորդորում ենք Ճշմարտության և արդարության կենտրոնին հավաքագրել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից էթնիկ զտման և բռնի տեղահանման ենթարկված հայության հսկայական զանգվածների վկայությունները՝ դրանք օգտագործելով ի շահ տարածաշրջանային արդարության վերականգնման։
Գարդման Շիրվան Նախիջևան