Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով պատահի, ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, որ գնաս մի հատ վզից բռնես, ասես՝ էդ ի՞նչն են հանձնում, սկսում է հեքիաթներ պատմել». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 25,2024 15:08

«Սահման ենք ստանում: Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը: Հարձակվող կողմից մեր հայկական սահման ճանաչելը զիջո՞ւմ է: Ուզում եմ հարցնել՝ հայկական որեւիցե տարածք, որեւէ թումբ հանձնվե՞լ է: Ոնց որ մարդկանց գժի տեղ դնեն: Մենք ենք 29.800 քկմ-ն քաշել, դրել քննարկման մեջ: Մենք ենք էդ սանդղակը գծել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են միակողմանի զիջումներով նոր կապիտուլյացիայի գնում:

Ալեն Սիմոնյանն ասաց, թե ով պատահի, ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ «հանձնում են». «Որ գնաս մի հատ վզից բռնես, ասես՝ հլը մի հատ արի հասկանանք՝ էդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել ու ցնդաբանել: ՀՀ տարածքից որեւիցե մեկը ոչ մի բան չի հանձնում: Որտեղ որ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ՝ ինքն է հետ քաշվում: Իսկ Ադրբեջանն ունի՞գրաված բնակավայր կամ հսկողության տակ որեւէ հայկական բնակավայր: Եթե կա, խնդրում եմ անունը թող ասեն այդ բնակավայրի: Ես կարող եմ ասել այն բնակավայրերի անունը, որոնք Ադրբեջանը բարձրաձայնում է: Հայկական կողմից, ուզում եմ հասկանալ, կարո՞ղ եք նման բնակավայրի անուն ասել»:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը հարձակվելու լիներ, այդ դիրքերը շատ քիչ տարբերություն էին տալու, իսկ հիմա իր համար անվտանգության երաշխիքը սահմանն է. «Ինչ-որ մեկը մտածում է, որ մենք կարող ենք պատերազմել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի եւ սիրիացի վարձկանների դե՞մ, ամենալավ դիրքերո՞վ: Դա քանակի հարց է՝ ինչքան զոհ կտանք: Մենք պետք է ընդհանրապես «պատերազմ» մտածելակերպը հանենք օրակարգից թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական: Երաշխիքը դա է, ոչ թե «ոչմիթիզական», թե՝ թողեք, թողեք խփեմ: Բա սահմանը կողքն է, թող հավաքվեն, գնան մի հատ գյուղ էլ իրենք վերցնեն: Կամ պատերազմի ժամանակ, ուզում եմ հասկանամ, իրենք ինչո՞վ էին զբաղված: Ոչ մի բանով: Դատարկախոսությամբ: Եվ հիմա էլ սպեկուլյացիաներ են անում: Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կոնֆլիկտ հրավիրելու գործով, որպեսզի հարցը լուծող հայտնվի եւ գան խաղաղապահները: Պետք չի մեզ խաղաղապահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930