Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իր ելույթում Ալիևը նաև ցույց է տվել, որ Փաշինյանի թեզերը գեներացվում են հենց Բաքվից. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 25,2024 15:14

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շատ ծավալուն ելույթ է ունեցել, ավելի ստույգ դա եղել է հարցուպատասխան «СОР29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։

Ելույթը կբաժանեմ մի քանի մասի՝

Հայաստանի հետ հարաբերությունների հատված

Այստեղ հիմնական թեզը հետևյալն էր՝ մեզ միջնորդներ պետք չեն, Փաշինյանի հետ պայմանավորվում են ուղիղ, այսինքն՝ ասում են, անում է։ «Ուզում եմ նաև հստակեցնել, որ ոչ մի տեսակ միջնորդության մասին խոսք չի գնում։ Որովհետև այն, ինչ կատարվում է հիմա մեր սահմանին, ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք մնում, ոչ ոք չի ցանկանում ստեղծված իրավիճակը օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար, մենք կարող ենք ավելի շուտ պայմանավորվել»:

Ալիևը նաև նշել է, որ այս գործընթացը որևէ կապ չունի այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքման հետ։

«Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին խնդիրներ են: Կարծում եմ՝ սխալ կլինի դրանք համատեղել ու մեկը մյուսից կախման մեջ դնել։ Շատ պարզ պատճառով, մեր սահմանը Հայաստանի հետ մոտ 1000 կիլոմետր է, միգուցե ավելի, գուցե ավելի քիչ։ Այդ սահմանի ամենամեծ հատվածը 30 տարի օկուպացված էր՝ Քալբաջարից, Մուրով լեռից մինչև Արազ գետը՝ մոտ 500 կիլոմետր։ Խորհրդային տարիներին, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ունեինք վարչական սահմաններ, Հայկական Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության միջև վարչական սահմանի որոշ հատվածներ նույնականացված չէին։ Սահմանի ամենամեծ հատվածը բացարձակապես անմարդաբնակ է, իսկ լեռների բարձրությունը 3500 մետր է, իսկ տարին ինը ամիս ծածկված է ձյունով։ Այսպիսով, դա իսկապես շատ բարդ տեղանք է: Այնպես որ, գործնական տեսանկյունից կարճ ժամանակահատվածում սահմանազատել այս սահմանը հնարավոր չէ»,-ասել է նա։

Սա նշանակում է, որ Ալիևը ևս մեկ անգամ շեշտում է, որ առաջնահերթը Տավուշում շահեկան դիրքեր զբաղեցնելն է, իսկ հետո նա որևէ միտում չունի դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից ու զբաղեցրած ստրատեգիական կետերից։ Քանի որ նա դիվանագիտական ֆորումի շրջանակներում է խոսում, ուղերձը փաթեթավորում է նման ձևակերպումներով։

Հաջորդիվ Ալիևն ակնարկում է, որ արդեն պայմանավորվել են նաև անկլավների մասով․ «Էքսկլավների հարցն այլ պատմություն է, քանի որ այն ավելի բարդ է, քանի որ այդ էքսկլավները գտնվում են, իհարկե, այլ երկրների կողմից շրջապատված տարածքում: Հետևաբար, դրանք պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում: Եթե հայկական կողմը ցանկանում է դրանց անդրադառնալ հիմա՝ երկրորդ փուլում, մենք պատրաստ ենք»։ Այսինքն՝ ակնհայտ է, որ հաջորդիվ արդեն սպառնալիքի տակ են վերցնելու ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները։

Ելույթից ակնհայտ է, որ Ալիև-Պուտին հանդիպումից հետո կրկին ակտիվորեն օրակարգ է մղվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Ինձ համար, անկեղծ ասած, մեծ հարց է, թե ինչու են այդքան կատաղի ընդդիմանում Զանգեզուրի միջանցքին։ Ինչու են սա համարում վտանգ։ Նրանք ունեն մի տեսակ ֆոբիա, որը չեմ կարող բացատրել։ Նույնիսկ «միջանցք» բառի դեմ են խոսում։ Նրանք կարծում են, որ «միջանցք» նշանակում է ինքնիշխանության խախտում։ Բայց, երբ խոսում ենք Ադրբեջանով հատող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, մենք այդ ֆոբիաները չունենք, միջանցքը հայտնի միջազգային բառ է։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցք» լսելով՝ գրեթե խելագարվում են։ Այնպես որ, շատ տարօրինակ է․․․»։

Անդրադառնալով Հայաստանի՝ զենքի ձեռքբերման գործընթացին Ալիևը նշել է․ «Մենք չենք կարող նստել ու սպասել՝ տեսնելով, թե ինչպես են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում Հայաստանին մեր դեմ, և դա անում են բացահայտ, ցուցադրաբար և կարծես փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, և այս դիրքորոշումը բացահայտորեն հայտնում ենք Հայաստանի կառավարությանը և նրանց, ովքեր ցանկանում են հիմա հոգ տանել Հայաստանի մասին։ Մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել, եթե մեզ համար լուրջ վտանգ տեսնենք»։

Սա նշանակում է, որ Ալիևը ցանկացած պահի իրեն իրավունք է վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին, ավելին՝ նաև անցնել հարձակման, եթե որոշի, որ «վտանգ» է տեսնում։ Ամեն ինչ թողնված է նրա «բարի» կամքին՝ ինչքան էլ Փաշինյանն ու իր թիմը «կոլըչկայի» քարոզչություն անեն։

Ալիև որոշել է նաև փոքր ինչ խայթել եվրոպական քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին։ «Այսպես կոչված եվրոպացի խաղաղության դիտորդները, որոնք թոշակի անցած զինվորականներ և ոստիկաններ են, մեր դեմ կիրառում են հեռադիտակի դիվանագիտություն և ցույց են տալիս, չգիտեմ, թե ինչ են ուզում ցույց տալ, նրանք պետք է երախտապարտ լինեն մեզ, որ մենք չենք արձագանքում։ Համոզված եմ, որ եթե լուրջ բան լինի, կփախչեն։ Այսպիսով, մենք այսպես ենք տեսնում իրավիճակը, և կրկին տարածաշրջանում անվտանգության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման ճանապարհով», ասել է նա։

Նա նաև հավելել է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դաս էր նրանց համար։ Եվ կրկին, մենք դա արեցինք, և մենք այլ բան չարեցինք: Այդ ժամանակ ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել։ Եթե մենք ունենայինք սարսափելի ծրագրեր, որոնք որոշ մարդիկ փորձում էին ներկայացնել Արևմտյան Եվրոպայի որոշ մայրաքաղաքներում, ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Այս թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանը սահմանին։ Նա կարո՞ղ էր կանգնեցնել մեզ: Իհարկե ոչ․․․»։

Ելույթում, իհարկե, չի դիմացել ու անդրադարձել է նաև Ռուբեն Վարդանյանին։ ․«Մոսկվայից մի քրեաօլիգարխ եկավ այնտեղ և սկսեց իրեն պահել որպես երկրի վարչապետ և նաև ֆինանսավորում է ահաբեկչությունը և սպառնալիքներ տարածում տարբեր մարդկանց հասցեին։ Նրանք պետք է իմանային, որ մենք դա չենք հանդուրժելու, և մենք բազմիցս այդ ուղերձը փոխանցել ենք ուղիղ և Բրյուսելի միջոցով, ինչպես մյուս խողովակներով՝ կրակի հետ մի խաղացեք»,-նշված է Ալիևի խոսքում։ Հիշեցնեմ, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում, ընտանիքի անդամներն էլ ահազանգում են նրա առողջական վիճակի վտանգների մասին։

Իր ելույթում Ալիևը նաև ցույց է տվել, որ Փաշինյանի թեզերը գեներացվում են հենց Բաքվից։ «Իրական Հայաստանի և առասպելականի միջև պետք է տարբերություն լինի, դա ասում են պատմական, բայց ես դա անվանում եմ առասպելական, քանի որ պատմությունը չպետք է ենթարկվի շահարկման։ Այսպիսով, նրանք պատմության մասին առասպելներ ստեղծեցին: Նրանք իրենց պատմության մեջ ներառել են պատմական կերպարներ, որոնք երբեք հայկական էթնիկ արմատներ չեն ունեցել։ Այնպես որ, սա պատմական մանիպուլյացիա է։ Մի պահ նրանք սկսեցին հավատալ այդ բոլոր առասպելներին։ Դա ողբերգություն էր։ Քանի որ նրանք ստեղծել են դիցաբանություն, նրանք ցանկանում էին, որ աշխարհը հավատա դրան, և նրանք սկսեցին հավատալ դրան: Երբ ասում են, որ հայ երիտասարդ սերունդը կվերցնի թուրքական տարածքը, դա հոգեբանական լուրջ հիվանդության մասին է խոսում, ոչ միայն Սերժիկ Սարգսյանի, այլեւ նրան լսողների ու նրան այս հարցը տվողների։ Այսպիսով, հիմա, ինչ ենք մենք ակնկալում: Հայաստանի այդ իշխանությունը խոսքից անցնելու է գործի, և մենք նրանց գործերով ենք դատելու»,-ասել է ԱԼիևը։

Իհարկե, խոսում է և՛ Սահմանադրության փոփոխության պահանջի, և՛ Արարատի սիմվոլիկայի հեռացման և իր երազանքների ցուցակի այլ բաղադրիչների մասին։

Ամփոփելով այս հատվածը՝ արձանագրենք հետևյալը՝ չկա սահմանազատման գործընթաց, կա ուղղակի Ադրբեջանի պահանջների ցանկ, որը Ալիևը տվել է Փաշինյանի ձեռքը, նա էլ անում է, միջնորդ չկա, տրամաբանություն չկա, կա ուղիղ թելադրանք Բաքվից։ Սա աննախադեպ ռիսկերով ու վտանգներով լի իրողություն է, իսկ աբսուրդն այն է, որ այդ ամենից հետո ոչ միայն պատերազմ չի կանխվի, այլ լրիվ հակառակը՝ Ադրբեջանի դա կսկսի շատ ավելի շահեկան դիրքերից։

Ելույթում կան կարևոր բաղադրիչներ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեսանկյունից, որոնց կանդրադառնամ ավելի ուշ։

https://www.facebook.com/HayrapetyanTat/posts/pfbid032LfWeTdbFFPqmfXuRNjxycinHnR8DW3z7crFBbgDaKUbVeb2D22enaMEYn53YSoQl

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930