Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դավաճանական իշխանության ձեռքը պետք է բռնել, որ ոչ մի միլիմետր հող չհանձնեն թշնամուն. փակել են Վանաձոր-Ապարան ճանապարհը

Ապրիլ 25,2024 14:52

Քաղաքացիները՝ ի աջակցություն Տավուշի գյուղերի բնակիչների, փակել են Ապարան-Վանաձոր ճանապարհը՝ Ալագյազի հատվածում: Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Այստեղ հավաքված քաղաքացիներն իրենց զորակցությունն են հայտնում Տավուշի մեր հայրենակիցներին ու կոչ անում, որ ժամ առաջ, րոպե առաջ ժողովուրդը ոտքի կանգնի, որ այս դավաճանական իշխանության ձեռքը բռնեն, որ ոչ մի միլիմետր հող չհանձնեն թշնամուն: Այսինքն՝ չեն էլ հանձնում, նվեր են տալիս »,- Aravot.am-ին ասաց Մելքոնյանը:

Մհեր Մելքոնյան

Պատգամավորի խոսքով, լոռեցիներն էլ են հասկանում, որ սա Տավուշի 4 գյուղերի խնդիրը չէ, այլ իրական ու լուրջ սպառնալիք Հայաստանի համար. «Շատ մարդիկ արդեն գիտակցում են, թե Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո ինչ լուրջ խնդիր է կախվելու Լոռու մարզի գլխին: Լոռեցիները գիտակցում են իրավիճակի լրջությունը ու ցանկանում են ժամ առաջ միանալ այս ամենին ու փորձել կանխել իշխանության այս գործունեությունը: Քաղաքացիները ինքնաբուխ են հավաքվել, ոտքի են կանգնել, ինքնակազմակերպվել ու փորձում են ակտիվ գործողությունների անցնել: Ես հավատում եմ, որ հանրային ինքնակազմակերպումը կարող է վերջ դնել իշխանությունների գործողություններին, պետք է կանխել այս պատուհասը, իշխանությունները պետք է փոխվեն, որովհետեւ դաժան գործունեություն են իրականացնում մեր հայրենիքի հետ»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ երբեւէ ոչ մի ժամանակահատվածում չի կարող հայը մտածել, թե ինչ լավ է, որ իրենից 50 մետր հեռավորության վրա է հայտնվել ադրբեջանցին. «Ինձ համար թուրքը մնում է թուրք, լինի հինգ հարյուր տարի հետո, թե հազար տարի հետո: Իրենց ցեղասպան քաղաքականությունը մեր ազգի նկատմամբ չի փոխվելու: Ասում են՝ ախորժակը ուտելու ժամանակ է բացվում, հիմա Ալիեւի ախորժակը շատ է բացվել, որովհետեւ նախ դիմացը տղամարդ չկա կանգնած, որ կարող է բերանին տա, ասի՝ հոպ, էս ինչ եք անում, իսկ էս մեր վախկոտ ղեկավարից ինչ ուզեն, տալու է, չեմ զարմանա, եթե վաղը Վրաստանն ու ուրիշներն էլ ուզեն, սա բաժանելու է, այն տպավորությունն է, որ հոր տնից է բերել էդ ամեն ինչը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Տավուշի 4 գյուղերը ուզենք, թե չուզենք՝ խորհրդային քարտեզներով ադրբեջանական են, պարոն Մելքոնյանը շարունակեց. «Ես չեմ ընդունում, այս տարածքները մեր հայկական տարածքներն են, կապ չունի, թե խորհրդային միության ժամանակ Ադրբեջանի կազմում են եղել, թե չէ, այդ տարածքները մեր պատմական հողերն են ու պետք է մնան ՀՀ տարածքում, երկրորդ տարբերակ չկա»:

Պարոն Մելքոնյանը հեքիաթներ է համարում, թե իբր սահմանազատման աշխատանքների ավարտից հետո , որոնք հենց Տավուշի 4 գյուղերից են սկսել, թշնամին սահմանային լարվածության դեպքում չի կարողանա մանեւրել. «Հեքիաթներ են, եկան իշխանության, ժողովրդին փորձեցին համոզել, որ բոլոր խնդիրները Արցախում են, Արցախի էջը փակեցինք, խաղաղ ենք ապրելու, տեսանք՝ Արցախը տվեցինք, հիմա արդեն ՀՀ տարածքների նկատմամբ լուրջ պահանջներ ունի Ադրբեջանը: Այս սահմանազատում եւ այլն մի հատ մեծ թատրոն են սարքել, ոչ մի խաղաղություն չի լինելու սահմանները փոխադարձ ճանաչելու դեպքում, որովհետեւ Ադրբեջանն էլի է ուզելու, չի սահմանափակվելու էդ չորս գյուղերով, սկսելու է Գեղարքունիքի մարզից տարածքներ ուզել, Սյունիքի մարզից, չեմ զարմանա, որ Շիրակի մարզից էլ սկսեն ուզել»:

Այսօր քաղաքացիները փակել են նաև Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում, Երևան-Մեղրի ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930