Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին

Ապրիլ 25,2024 14:29

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձում են փակել։ Նրանք բողոքի ցույց են անում ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։

Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին դադարեցնել ցույցը, սակայն քաղաքացիները շարունակում են ցույցը։

Տեղում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Աղվան Վարդանյանը։

Ոստիկանների եւ Արթուր Սարգսյանի միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, երբ պատգամավորը ոստիկանին հորդորեց քաղաքացիների հետ կոպիտ չխոսել, եւ երբ ոստիկաններից մեկը Սարգսյանի ձեռքը բռնեց:

Ցուցարարներից մեկը ոստիկանության գնդապետին դիմեց՝ ո՞ւմ ճանապարհն է։

«Մերն է»,-պատասխանեց ոստիկանը։

«Բա Նիկոլն ասում է՝ թուրքի՞նն է։ Եկել եք թուրքի ճանապարհն եք պահում, հայի դե՞մն եք փակում։ Դուք թուրքին եք պաշտպանելո»,-ի պատասխան ասաց քաղաքացին՝ դիմելով ոստիկաններին։

Ոստիկանները քաղաքացիներին ճանապարհի մեջտեղից փորձեցին հեռացնել։

«Վաղը, որ թուրքը գա էս ճանապարհին, գալո՞ւ ես այստեղ, չես գալու պաշտպանես։ Դուք հայրենիք ունե՞ք»,-քաղաքացիները վրդովված դիմում են ոստիկաններին։

«90-ականներին էս սարերի մեջ իմ հողի համար կռիվ եմ տալիս, եկել եք իմ գրաված ճանապարհով չեք թողնում պահենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Ցուցարարներին միացավ դաշնակցական երիտասարդ Գերասիմ Վարդանյանը․ «Ո՞վ է հրամանատարը, ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ եք բացում ճանապարհը, մի քանի օրից փակելու է, տա թուրքին, թուրքն է գալու ստեղ փակի»։

Ոստիկանը Վարդանյանին պատասխանեց․ «Չի փակելու»։ Ապա դաշնակցական երիտասարդը հակադարձեց․ «Տղավարի խոստանո՞ւմ ես, որ չի տալու, ճանաչում ես, չէ ՞, ինձ։ Խոստանում ես։ Էս մարդիկ ձեր հայրենակիցներն են, եկել են ճամփեն փակում են, որ վաղը թուրքը չգա, ում են խանգարում»։

Ոստիկանն ի պատասխան ասաց, որ ճանապարհը փակելով խանգարում են մնացած քաղաքացիների երթեւեկությունը։

«Մատով չխոսես, ձեռդ․․․»,-վրդովվեց Վարդանյանը։

Սկսեցին քաշքշել ոստիկանին, հետո նորից ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանները դիմեցին Վարդանյանին՝ իրավիճակը լարում եք, փորձում եք հրահրել։

«Տղեք, փակեք ճանապարհը»,-ցուցարարներին դիմեց Գերասիմ Վարդանյանը։

«Վաղը թուրքը գալու է էս ճամփեն փակի, հայի իրավունքները սահմանափակի, ով որ չեկավ ստեղ թուրքի ճամփեն բրդի բացի, ուրեմն լավ տղա չի, կեթաք տուն ձեր տնեցիքի աչքերի մեջ կնայեք։ Էս մարզում ենք ապրում, վաղը իրար տեսնելու ենք, նենց արեք՝ պարզ ճակատով տեսնենք։ Նորից եմ ասում ՝ էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա մերը։ Հայերն եկել են՝ էս ճամփեն պահում են, որ աշխարհին ցույց տան, որ սա հայկական հող է։ Ով էս ճամփից բրդում հանում է, վաղը որ թուրքն եկավ ու ով մեզ հետ չգա էս ճամփեն բացի, թուրքին բրդի, ինքը լավ տղա չի»,-հայտարարեց Վարդանյանը։

Ոստիկանները հորդորեցին առանց ավելորդ արտահայտությունների եւ վիրավորանքների խոսել։

Ոստիկանը դիմեց Վարդանյանին․ «Նենց ինտոնացիայով ես խոսում, անընդհատ ուզում ես հրահրել մեզ»։

«Հրահրվո՞ւմ ես։ Այսինքն, չե՞ս ճանաչում ինձ, էս ի՞նչ ձեւով ես խոսում հետս»,-ոստիկանին ասաց Վարդանյանը։ Ապա ոստիկանը հրաման տվեց՝ տարեք իրան։

Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց, ոստիկանները երբ փորձեցին բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին, քաղաքացիներն էլ փորձեցին խոչընդոտել, թույլ չտալ, որ նրան ոստիկանները հեռացնեն:

Չնայած Գերասիմ Վարդանյանը դիմադրում էր, քաղաքացիներն էլ փորձում էին խոչընդոտել նրան բերման ենթարկելու գործընթացը, սակայն ոստիկանները ուժով նրան նստեցրեցին ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկեցին։

«Եկեք քշենք, Երասխի ճանապարհը փակենք»,-առաջարկեց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ անհնազանդության ցույցեր են սկսվել հանրապետության մի շարք հատվածներում։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ժամը 12:24-ի դրությամբ փակ է եղել Երեւան-Թբիլիսի ավտոճանապարհը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհը, Երեւան- Մարտունի ավտոճանապարհը, Երեւան- Մեղրի ավտոճանապարհը։ Բողոքի ցույցեր են նաեւ կառավարության շենքի դիմաց։ Տավուշի գյուղերի դպրոցներից մի քանիսում դասադուլ է։

Տավուշում՝ Բագրատաշենի հատվածում նույնպես ցույցեր են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930