Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն ավելի անկեղծ է մեզ հետ, ասում է՝ կուզեք Ոսկեպարը կամ Սեւանը տվեք, բայց եթե միջանցք չեք տալու, մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրելու»․ Վահագն Չախալյան

Ապրիլ 25,2024 14:04

Քաղաքացիները «STOP ՆԻԿՈԼ» խորագրով բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ։

ԿԱՄՔ ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանն ասաց, որ ունեն մի շարք պահանջներ։ «Արցախահայության հարցով պահանջում ենք ձեւակերպել օրակարգ՝ արցախահայության վերադարձի, անվտանգության ապահովման եւ կարգավիճակի հարցով։ Սա մեր պահանջներից մեկն է»,- ասաց նա։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի հարցով ոչ մի քայլ չի նախաձեռնվի, Չախալյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը այս պահին ստում է, քանի որ ժողովուրդն անտարբեր է։ Դրա համար ինքնանպատակ չէ, երբ մենք ժողովրդին ասում ենք՝ մի վախեցեք, համարձակ եղեք, եկեք մեր կողքին կանգնեք։ Եթե գաք մեր կողքին կանգնեք, մենք կկարողանանք ժողովրդի կամքը թելադրել եւ պարտադրել, որպեսզի այս իշխանությունները չգնան ՀՀ տարածքային ամբողջականության եւ հայ ժողովրդի շահերի դեմ։ Ինքն այդպես մեծ-մեծ խոսում է, որովհետեւ տեսնում է, որ ժողովրդական համախմբում տեղի չի ունենում»։

Չախալյանի խոսքով՝ իրենց մյուս պահանջը վերաբերում է նրան, որ Հայաստանի տարածքով չպետք է միջանցք տրվի Ադրբեջանին։ «Հայաստանի իշխանություններն ասում են, որ նման հարց օրակարգում չկա, բայց մենք հասկանում ենք, որ մանիպուլացնում են ժողովրդին։ Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի մասին ցանկացած խոսույթի մեջ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը։ Երեկ նույնպես Ալիեւը դա հայտարարել է։ Այդ ինչպե՞ս է լինում, որ երկու կոնֆլիկտային կողմ իրար հետ բանակցում են, մեկն ասում է՝ այսպիսի բանակցության նյութ չկա, մյուսն ասում է՝ եթե միջանցքը չլինի, չի լինելու խաղաղության պայմանագիր։ Այսինքն՝ Ալիեւն ավելի անկեղծ է հայ ժողովրդի հետ, քան Նիկոլ Փաշինյանը։ Ալիեւն ասում է՝ կուզեք Ոսկեպարը տվեք, կուզեք Սեւանի ափը տվեք, բայց եթե միջանցք չեք տալու, մենք խաղաղության պայմանագիր չեն ստորագրելու։ Հայությունը մեկ օր պետք է համարձակություն ունենա ու ասի՝ վերջ զիջումներին»,- հայտարարեց Չախալյանը։

Նա ասաց, որ Ալիեւը երբեք «խաղաղության պայմանագիր» չի ստորագրելու, հարց է ծագում, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը փորձում խաբել ու մեզ զիջումներ պարտադրել։

«Մենք խոստանում ենք, որ լուծելու ենք մեր առջեւ դրված խնդիրը, ոչ մի բանից չենք ընկրկելու, չենք ծախվելու, չենք վախենալու։ Դիմում եմ մեր ժողովրդին՝ համարձակ եղեք»,- ասաց Չախալյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930