«Ինձ թվում է ապրիլից 30-ը ՝ Ջազի միջազգային օրը բոլոր երաժշտասերների համար տոն է, կարծում եմ չեմ սխալվում: Այդ օրը կայանալիք համերգին կհնչեն իմ նոր ստեղծագործությունները: Կլինի երգի պրեմիերա, կմասնակցի «Գեղարդ» երգչախումբը, որը կկատարի իմ նոր՝ «Լույս» կոչվող երգը: Եվս երկու նոր ստեղծագործություններ կհնչեն իմ գործերից»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց ջազային երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանը։
«Մեզ եւ հանդիսատեսի համար մեծ նվեր կլինի ԱՄՆ-ից ժամանած ջութակահարուհի Լուսինե Ֆիելոյի կատարումը: Ինձ համար նա մեծ հայտնություն էր, ես ողջ կյանքում սիրել եմ ջազային ջութակահարներին, իսկ իմ սիրելի ջազային ջութակահարը եղել է Ստեֆան Գրապելլին: Լսելով Լուսինեին՝ մեծ զարմանք ապրեցի, որ այդ աստիճանի վիրտուոզ ջութակահարուհի գոյություն ունի եւ նման խորն է զգում երաժշտությունը: Երեկ մենք արդեն փորձեցինք համերգի ծրագիրը: Բոլորիդ հրաշալի երեկո է սպասվում»,-հավելեց անվանի երաժիշտը:
«Շատ հագեցած ծրագիր է լինելու, եւ պատահական չէ, որ համերգը սկսվելու է հենց «Լույս» ստեղծագործությամբ. մեզ այս օրերին համախմբող, ոգեշնչող գաղափարական նման մի ստեղծագործություն էր հարկավոր: Բարդ ժամանակներում ենք ապրում: Քանի որ ջազն ունի հոգեւոր արմատներ, համերգի մեկնարկը կտրվի հոգեւոր ստեղծագործությամբ՝ «Գեղարդ» երգչախմբի կատարմամբ: Ես ինքս մասնակցում եմ համերգին, երգելու եմ ջազային հիթեր…
Համերգի ուղերձն այն է, որ աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների եւ չ՛ջազի է գնում, անգրագետ երաժշտությամբ փորձում են երիտասարդության միտքը զբաղեցնել, բայց ճշմարտությունը մեկն է՝ լավ երաժշտությունն է դիպչում հոգուն: Մենք խնդիր ունենք այդ օրը հանդիսատեսին բերել դահլիճ եւ ցուցադրել գեղեցիկն ու ճաշակովը: Իսկ գեղեցիկն ու ճաշակովը ցուցադրելու լավագույն հնարավորություն ստեղծողը Գարին է՝ իր գործերով»,-նշեց երգչուհի Ալլա Սահակյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ համերգը կայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գարի Քյոսայանը հանդես կգա իր ջազ քառյակի հետ միասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ