Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի շրջանավարտներին տրվում է միասնական քննություններին մասնակցելու երրորդ լրացուցիչ հնարավորություն

Ապրիլ 25,2024 13:17

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որով վերանայվում է բուհերի ընդունելության գործող կարգը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման նոր մեխանիզմների մշակման եւ դրանց ներդրման ռազմավարական նպատակներով։

«Տավուշի մարզում 2021-2022 թվականի ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, եւ այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները։ Հետեւաբար, այս պահին ընդունելության կարգում անում ենք փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով։ Եվ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է նաեւ կրթության ոլորտի այս կարեւոր փոփոխությունների բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի համար ընդունելության քննություններ։ Կարգավորման նպատակը նաեւ այն է, որ հենց այս տարվա՝ 2023-2024 թվականների ուստարվա ավարտից թեստերը, որով կազմակերպվում են քննությունները, նոր ձեւաչափով կիրառվեն եւ համապատասխանեն չափորոշչի բովանդակությանը։ Եվ դա նաեւ այս նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը։ Եվ արդեն դրա արդյունքները, որպես ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար։ Իսկ 2026 թվականից այս համակարգն արդեն կգործի մեր բոլոր շրջանավարտների համար»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Նա հավելեց, որ սա Տավուշի մարզի դպրոցների համար հավելյալ հնարավորություն է։ Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտները, ինչպես հանրապետության մյուս դպրոցների շրջանավարտները, ունեն միասնական քննություններ հանձնելու երկու հնարավորություն, եւ սա կլինի հավելյալ երրորդ հնարավորություն, որը կկազմակերպվի հուլիսի սկզբին։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Այսինքն՝ մեր ռազմավարական պատկերացումն այն է, որ ընդհանրապես ընդունելության քննություն չի լինելո՞ւ»։ Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց․ «Կարծում ենք, որ պետք է աստիճանաբար գնանք այն մեխանիզմով, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, եւ մեր դիմորդները բավարարեն դրանք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930