Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կիբերհանցագործություններն աճել են եւ մեծ ծավալ են ընդգրկվում Հայաստանում։ Այս մասին կառավարության նիստում ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Բայց երբ մենք ուզում ենք մտնել բովանդակության մեջ եւ հասկանալ, թե որոնք են ի վերջո կիբերհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեր տիրույթում, դրան քողարկում ենք որպես կիբերհանցագործություն։ Մեր ստանձնած միջազգային պարտավորություններով կա հստակ ցանկ, թե որոնք են կիբերհանցագործություններ եւ կիբերհանցագործությունների ճիշտ պատկեր ունենալ։ Բայց այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ»,- ասաց նա։
Կառավարությունն այսօրվա նիստում նախագծերի փաթեթ ընդունեց, ըստ որի՝ մասնավորապես Քրեական օրենսգրքում հստակ սահմանվում է կիբերհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն ՀՀ միջազգային պարտավորություններին։
Փոփոխություններ են արվում նաեւ կրիպտոարժույթի ոլորտի վերաբերյալ։ Արփինե Սարգսյանն ասաց, որ ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության միջոցով կարողանում են ձեւակերպել կրիպտոակտիվը։ Այս փաթեթով նախատեսվում է կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, դրա դիմաց վճարումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից։
Կարդացեք նաև
«Այսօրվա դրությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեսադաշտում են գտնվում 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոարժույթների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբերհանցագործություններով, այլ նաեւ ավանդական հանցագործություններով, որոնք կարող են կիպտոակտիվի գործադրմամբ իրականցվել։ Խոսքը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, փողերի լվացման որոշակի դեպքեր ենք նաեւ արձանագրում կամ հարկեր-տուրքեր վճարելուց խուսափելու դեպքեր։ Եվ եթե կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցագործությունների թվին անդրադառնամ, 2023 թվականին միայն արձանագրել ենք 249 հանցագործության դեպք։ Կարծում ենք՝ անկանխիկ շրջանառությունը կօգնի էապես կանխատեսելիություն ապահովել հանցագործությունների բացահայտման տիրույթում»,- նշեց Արփինե Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք այս ընթացքում ինչ խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության խոսել ենք բացասական ենթատեքստով։ Անընդհատ խոսել ենք, որ դրանով հանցագործություն են անում, թմրանյութ են վաճառում, բայց այդ նույնը, կներեք, անում են նաեւ մեզ հայտնի ավանդական փողով։ Բայց ոչ մեկ չի ասում՝ ՀՀ պետական բյուջեում էսքան փող կա։ Եվ այստեղ մենք էլի մեր բոլոր սովորությունների համաձայն ուշանում ենք եւ սպասում ենք, տեսնենք, երբ ամբողջ աշխարհն այդ հարցերի հետ հարաբերվելու նոր կուլտուրա ունենա, մենք այստեղ էլի ուշանալու ենք։ Մենք ուշանում ենք, պետք է ի վիճակի լինենք որոշումներ կայացնել։ Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում, որ ամեն ինչ կքանդվի, այդ թեմայի մասին չպետք է խոսել։ Բայց իմ կարծիքով՝ այդ գծերն անցել ենք։ Մեր երկրի տնտեսական կյանքում կրիպտոարժույթն ի՞նչ է, մարդն իրավունք ունի՞ ունենալ կրիպտոարժույթ, թե՞ չէ։ Մեկը հաշվե՞լ է՝ մենք պետական բյուջե ինչքան եկամուտ ենք թերհավաքագրում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով»։
Փաշինյանն ասաց, որ ակնկալում է՝ կառավարությունն ու ԿԲ-ն այս ուղղությամբ աշխատանքները պետք է արագացնեն՝ դուրս գալով մտավախություններից դաշտից։
«Մեր բոլոր պրոբլեմները նրա մասին են, որ մենք ասել ենք՝ լավ, եկեք չանենք, որովհետեւ վտանգավոր է՝ առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»,- հավելեց Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ իրենք եւս առաջարկում են ոլորտը կարգավորել, որովհետեւ հարկերի հավաքագրման տեսանկյունից խնդիրներ են լինում։ «Քանի դեռ նախագիծն ընդունված չէ, մենք խնդիրներ ենք ունենալու։ Տիկին Սարգսյանն ասաց, որ մենք անկանխիկի ենք անցնում, բայց ես մտավախություն ունեմ, որ այն չեյնջերը, որոնք մենք տեսնում ենք քաղաքում, դրանք միգուցե փակվեն, եւ ավելի լատենտային եղանակով այդ կրիպտոակտիվների գործարքները տեղի ունենան»,- ասաց Բադասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ