Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում ենք, սակրավորները պիտի գան՝ ականները հանեն, որ թուրքն առաջ գա։ Հավաքվել ենք, որ թույլ չտանք ականները հանեն»․ կիրանցիները շարունակում են բողոքի ցույցը

Ապրիլ 25,2024 11:58

Տավուշցիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց համայնքով անցնող ճանապարհը։

Այսօր Կիրանցի այն հատվածում, որտեղով պետք է` ըստ կառավարության, անցնի հայ-ադրբեջանական սահմանը, ականազերծման աշխատանքներ են կատարվելու։

 

Բնակիչները հավաքվել են, որպեսզի թույլ չտան ականները հանել։

«Սպասում ենք, սակրավորները պիտի գան՝ ականները հանեն, որ թուրքն առաջ գա։ Չենք թողնելու, ո՞նց թույլ տանք նման բան»,-ասում են ճանապարհը փակած տավուշցիները։

Այսօր 7-րդ օրն է՝ ինչ տավուշցիները բողոքի ցույց են անում ընդդեմ իրենց բնութագրմամբ՝ անարդար սահմանազատման։

Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում են, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է սահմանային առաջին սյունը:

«Իրենց ասելով՝ հիմա մենք կանգնած ենք թուրքի հողում, բայց իրենց ասելով չի։ Ասում են ՝ նոր ճանապարհ ենք սարքելու, ի՞նչ ճանապարհ, այս կամուրջը կադաստրով, ամեն ինչով մեր համայնքապետարանի վրա է նստեցրած»,-ասում են բնակիչները։

Կիրանցիներն անորոշության մեջ են, ասում են՝ կառավարության ղեկավարը, այլ պաշտոնյաներ մեզ ցույց են տալիս ուրիշ սահման, հետո ներկայացնում են մի ուրիշ սահման, որը պետք է գյուղի ներքեւի հատվածով անցնի․ «Այս պահին որտեղ գտնվում ենք՝ կամուրջը մի քիչ շրջանցելով վերեւի հատվածով անցնելու է սահմանը։ Մեզ այդպես են ներկայացրել, հիմա ստացվում է, որ նախատեսածից ավելի շատ տարածքներն են ընդգրկվելու Ադրբեջանի սահմանում՝ ըստ իրենց»։

Գյուղի դպրոցի հարեւանությամբ մի քանի տուն հայտնվելու է Ադրբեջանի տարածքում։ Կիրանցիներն ասում են՝ Բերքաբերում, Կոթիում եւ այլ համայնքներում արոտավայրերը սահմանին մոտ են լինելու, մարդիկ համարձակություն չեն անի՝ գնան ադրբեջանցու նշանառության տակ գյուղատնտեսությամբ զբաղվեն։

«Դեռ արոտավայրեր, անասնապահություն, գյուղատնտեսություն մի կողմ դնենք, այստեղ հայրենիքի հարցն է, մենք ա՞յս օրվանն ենք սպասել, մենք այսպիսի հայրենիք չենք պատկերացրել, ազգովի իշխանություն ենք ընտրել, խոստանում էին, թե լուսավոր ապագա կա երկրում, սե՞նց ապագա ուներ այս երկիրը։ Թող այդ կառավարության, Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանի բերանին, թող գան ու ամեն առավոտ ժամը 9-ից գնան գործի, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ չէ։ Նորակառույց դպրոցը 50 մետր է հեռու լինելու սահմանից»։

Բնակիչներն ասում են, որ հողերի սեփականության վկայականներ ունեն․ «Տարել ենք էդ փաստաթղթերը՝ կադաստր, նոտար, անձնագիր եւ այլն, տարել ենք Երեւան, ցույց տվել, որ դրանք մեր սեփականությունն են, ասել են՝ կեղծիք է։ Ո՞նց է կեղծիք, բա պետությո՞ւնը չի տվել այդ փաստաթուղթը։ Բոլորով լծված են հող տալուն։ Միակողմանի զիջումները խաղաղություն չեն բերելու։ Ասում էր՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, ապագա կա, մենք ուզում ենք մի հատ ներկայացնեն՝ Հայաստանն ի վերջո ապագա ունի՞, ինչի՞ է տանում այս ամենը, կործանմա՞ն, էլի հող տա՞նք, մինչեւ ե՞րբ տանք։ Հերիք է, էլ տեղ չկա։ Մեռնելը եթե կա, էլ սենց ապրելն ո՞ւմ է պետք։ Թող մեզ զենք տան, մենք պայքարում ենք, մենք մեր հողը կպահենք։ Կիրանցը երբեք չի պարտվել իր պատմության ընթացքում, քանի արշավանքներ է դիմակայել։ Հաղթած էս գյուղին էն վիճակի են հասցրել, որ ստիպում են հետ քաշվել։ Ինչի՞ հետ քաշվենք»։

Կիրանցիները կոչ են անում միանալ իրենց պայքարին, խնդրում են, որպեսզի հանրապետության այլ մարզերից, քաղաքներից մարդիկ միանան իրենց պայքարին․ «Վերջը հայ ազգը պիտի՞ հասկանա, թե ինչի համար ենք դուրս եկել, հայրենիքի համար ենք դուրս եկել, թող գան, օգնեն պայքարենք, խնդրում ենք, սա միայն Տավուշի, Կիրանցի հարցը չի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930