Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տնկված «խաղաղության ստոլբայի»՝ իշխանական շրջանակներում հարուցած հորթային հրճվանքը տևեց ուղիղ երկու ժամ։ Նույն օրը Ալիևը հայտարարեց, թե դա քիչ է, խաղաղության համաձայնագրի ստորագրման այլ նախապայմաններ էլ կան։ Մասնավորապես՝ «հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը» և այնտեղից հանեն Անկախության հռչակագիրը, Հայաստանը պիտի փոխի իր զինանշանը և դրա վրա «Աղրիդաղի» փոխարեն այլ սար պատկերի, ինչպես նաև Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովի, որը պիտի վերահսկի Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը։ Նույն օրը նույն ժամին Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, թե ժամանակն է, որ հայերը հրաժարվեն «անհիմն հիշողություններից», ընդ որում՝ արագացված տեմպերով, որովհետև, ըստ նրա, «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու»։
Ինչո՞վ է տարօրինակ այս իրավիճակը։ Բանն այն է, որ միջազգային հարաբերություններում սովորաբար գործում է հետևյալ սկզբունքը՝ ստորագրվում է ինչ-որ համաձայնագիր, որից հետո կողմերը հստակ հերթականությամբ և ժամանակացույցով իրականացնում են այդ համաձայնագրի կետերը։ Իսկ մեր դեպքում հակառակն է՝ նախապես ստիպում են կետ առ կետ կատարել ենթադրաբար ապագա համաձայնագրում տեղ գտնելիք պահանջները, և միայն դրանից հետո են խոստանում (ընդամենը՝ խոստանում) ստորագրել համաձայնագիրը։ Հայաստանի իշխանություններն էլ, թշնամու բանավոր խոստումներից ոգևորված, հերթով կատարում են այդ պահանջներն ու ամեն անգամ դա ներկայացնում որպես մի չտեսնված-չլսված հաջողություն։
Իսկ ավելի կոնկրետ՝ իրավիճակն այսպիսին է․ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում մեր գոյությունը հանդուրժելու դիմաց մեզանից 7 բան են պահանջում։ 1․Վերադարձնել «օկուպացված տարածքները», այդ թվում՝ երեք անկլավները, և ապահովել անխոչընդոտ կապը դրանց հետ։ 2․ Փոխել Սահմանադրությունը։ 3․ Փոխել պետական խորհրդանիշները։ 4․ Վերաշարադրել պատմությունը և պաշտոնապես հրաժարվել Ցեղասպանությունից։ 5․ Ապահովել անխոչընդոտ ցամաքային կապ Նախիջևանի հետ (պարզ ասած՝ «Զանգեզուրի միջանցք»)։ 6․ Ապահովել ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան։ 7․ Փոխհատուցել «30-ամյա օկուպացիայի» համար։
Մարկ Նշանյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: