Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում. «Փաստ»

Ապրիլ 25,2024 10:51

Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն…

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930