Իշխանությունների հրահանգները կատարողները լինում են երկու տեսակի՝ «հավեսով» եւ «անհավես»: Վերջիններս իրականացնում են իրենցից պահանջվող չարագործությունները (օրինակ, ջարդում են ցուցարարների գլուխները կամ ազատազրկման որոշումներ են կայացնում իշխանությունների ընդդիմախոսների հանդեպ) մի տեսակ չուզելով՝ իրենց ամբողջ տեսքով ցույց տալով, որ ընտանիք են պահում, որ իրենց տեղը դա բոլորը կանեին եւ այլն:
Բայց կան նաեւ այնպիսիք, որոնց աչքերում կա որոշակի սադիստական փայլ՝ մարդիկ, որոնք իրենց բռնություններն ու ապօրինությունները կատարում են մի տեսակ վայրենի խանդավառությամբ (այդ բառակապակցությունն ինձ վերջերս հուշեց իմ բարեկամներից մեկը):
Այդ առիթով հիշեցի Գրիգոր Ամալյանին: Թեեւ անձնապես նրա դեմ ոչինչ չունեմ, եւ հիմա նրան շատերը դժվար թե հիշեն, բայց ինձ համար նա շարունակում է մնալ խորհրդանիշ: Ավելի քան 20 տարի առաջ այն ժամանակվա ՀՌԱՀ նախագահը ակնհայտորեն «կայֆ էր բռնում», հպարտանում էր, որ նախագահի հրահանգով լրատվամիջոց է եթերազրկում:
Ազգային, պետական մակարդակով այն, ինչ անում էին Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունները, համեմատության որեւէ եզր չունի այն աղետի հետ, այն պատուհասի հետ, որը մեր գլխին բերել են ու շարունակում են բերել այսօրվանները:
Կարդացեք նաև
Բայց լոկալ մակարդակով, գործելակերպի առումով առանձին տարբերություններ չեմ տեսնում: Նույն Շմայսերն ու Թոխմախի Մհերները խորհրդարանում, իշխանավորների եւ մեծահարուստների նույն մեծամիտ ու արհամարհական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: Նույն հլու-հնազանդ դատավորները, որոնք կայացնում են քաղաքական ղեկավարության որոշումները: Ոստիկանների նույն բռնությունները ցուցարարների հանդեպ՝ իշխանափոխությունից հետո նոր Լեւոն Երանոսյաններ են ի հայտ եկել: Նույն «անհայտ» բռնարարները, որոնք խոշտանգում են իշխանության ընդդիմախոսին: Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու նույն բիրտ փորձերը:
Միակ տարբերությունն այն է, որ «վայրենի էնտուզիաստների» թիվը շատացել է: Հավանաբար, այն պատճառով, որ այժմ «ժողովրդի իշխանությունն է»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ ոստիկանները պարզ է, որ բարեկամներ, հարևաններ ու դասընկերներ ունեն: Ցավալին այն է, որ այդ բարեկամները, հարևաններն ու դասընկերները նրանց ամոթանք չեն տալիս, թե ինչու՞ են պետական համազգեստը հագած պաշտպանում մեր երկիրը թուրքին հանձնող դավաճանին և ուժ գործադրում երկիրը չհանձնողների նկատմամբ: Ստացվում է, որ պրոբլեմը նաև մեր
հասարակության երկերեսանիության մեջ է, երկրի շահը անձնական շահին ստորադասելու մեջ է:
Երբ Արթուր Մեսչյանն իր հայտնի երգում հայերիս զգուշացնում է “Վերացող ձեր տեսակը պարտվում է Բելին” վտանգի մասին, մենք դրանից հետևություններ չենք անում և նույնիսկ ավելին, հայ կարմիր բերետավորների ցուցաբերած դաժանությունները իրենց իսկ ժողովրդի նկատմամբ այդ վտանգը հասցնում են “ինքնահոշոտող ձեր տեսակը պարտվում է Բելին” մակարդակի։