Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր հիմնական խնդիրների հետ է կապվում գիշերային քրտնարտադրությունը

Ապրիլ 25,2024 09:30

Գիշերային քրտնարտադրությունը բավականին տարածված խնդիր է, որը տհաճ ու անհարմար լինելուց և քունը խանգարելուց բացի կարող է հուշել, որ օրգանիզմում ինչ-որ բան հարթ չի ընթանում։

Դիտարկենք առողջական այն խնդիրները, որոնք կարող են գիշերային քրտնարտադրության պատճառ դառնալ։

  • Հորմոնալ փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ կնոջ օրգանիզմում դաշտանադադարի կամ նախադաշտանադադարի շրջանում, նախադաշտանային համախտանիշն ու նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը։
  • Այնպիսի դեղամիջոցների կողմնակի ազդեցությունը, ինչպիսիք են օփիոիդները, ստերոիդները, ասպիրինը, որոշ ցավազրկողները, հակադեպրեսանտները և այլն։
  • Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են դիաբետը, թթվային ռեֆլյուքսն ու վահանաձև գեղձի գերակտիվությունը։
  • Շնչառական վարակները՝ հարբուխը, գրիպը, քովիդ-19-ը,
  • տագնապային խանգարումները,
  • սթրեսը,
  • քնի խանգարումները, օրինակ՝ քնի ապնոէն,
  • հոգեակտիվ նյութերի, ալկոհոլի չարաշահումը,
  • քաղցկեղի որոշ տեսակները, մասնավորապես լեյկեմիան ու լիմֆոման,
  • տուբերկուլոզը,
  • հիպերհիդրոզը։

Գիշերային քրտնարտադրության բուժումը կախված է առաջնային խնդրից, մասնավորապես անդրադառնանք նախադաշտանադադարի ու դաշտանադադարի շրջանում գիշերային քրտնարտադրության առաջացման պատճառներին ու բուժման եղանակներին։

Գիշերային քրտնարտադրությունը բավականին բնորոշ է կնոջ կյանքի այդ շրջանների համար, երբ օրգանիզմում նվազում է էստրոգենի, պրոգեստերոնի ու տեստոստերոնի արտադրությունը, և հենց հորմոնալ այդ փոփոխություններն էլ հանգեցնում են դաշտանային ցիկլի անկանոնության և ի վերջո՝ դադարի։ Այդ փոփոխությունները նաև այլ դրսևորումներ են ունենում, օրինակ՝ ազդում են օրգանիզմի՝ ջերմաստիճանը կարգավորելու ունակությունների վրա։ Դա կարող է բերել օրվա ընթացքում ջերմահորդանքի (տաք ալիքների) առաջացման և գիշերային քրտնարտադրության։

Նախադաշտանադադարի ու դաշտանադադարի շրջաններին բնորոշ գիշերային քրտնարտադրությունից կարելի է ազատվել հետևյալ եղանակներով՝

  • Բացահայտելով խնդիրն առաջացնող տրիգերներն ու դրանց կիրառումը բացառելով․ այդպիսիք կարող են լինել ալկոհոլը, կոֆեինը, ծխախոտը կամ կծու կերակուրը։
  • Կառավարելով սթրեսը,
  • սննդակարգը հարստացնելով բանջարեղենով, կալցիումով, սպիտակուցներով հարուստ մթերքներով,
  • որոշ հավելումներ (կալցիում, վիտամին D) ընդունելով՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
  • ննջասենյակում զով ջերմաստիճան ապահովելով։

Ըստ նպատակահարմարության բժիշկը կարող է նաև հորմոնալ թերապիա նշանակել, որը կօգնի հաղթահարել դաշտանադադարին բնորոշ այլ ախտանշանները ևս։
Նշենք, որ գիշերային քրտնարտադրությունը դաշտանադադարից հետո կարող է ևս մոտ մեկ տարի պահպանվել։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Cleveland Clinic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930