Սահմանազատում չի իրականացվել, ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, որը վտանգավոր է. այսօր Տավուշում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ամենակարևոր վտանգը կայանում է նրանում, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի շուրջ պետք է իրականացվի այդ ամբողջ գործընթացը: Իսկ սկզբունքներից ամենակարևորն այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, ապակայունացման առիթ: Եվ եթե ուզում ենք դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ այն տարածքներից, որն ինքը զբաղեցրել է 200 քառակուսի կիլոմետրի չափով, որից հետո պիտի իրականացվի սահմանագծում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա պնդմամբ, Հայաստանն այս գործընթացն իրականացնում է Ադրբեջանի ակնհայտ ճնշմամբ, ինչի մասին փաստում են թե գործընթացի հատվածականությունը, թե ժամկետները, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է իրականացվի. «Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է ժամկետ՝ մինչև մայիսի 15-ն ավարտել սահմանազատումը և անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է»:
Այս խնդիրը նա համարում է ողջ հայ ժողովրդինը եւ կոչ է անում բոլորին՝ ոտքի կանգնել, աջակցել նաեւ բանակին, որի կոչումը ՀՀ սահմանների պաշտպանությունն է, որպեսզի նաեւ բանակին նահանջելու «հիմար» հրամաններ չտրվեն:
Կարդացեք նաև
«Երկրապահը նրա համար է, որ երկիրը պահի, ոչ թե անօրեն ինչ-որ բաներ անի»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ԵԿՄ-ի կեցվածքին վերաբերվող հարցին: Նրա գնահատմամբ, այս ամեն ներքաղաքական հարցերում ԵԿՄ-ականները չպետք է խառնվեն, իսկ ԵԿՄ այն անդամները, ովքեր բանակի շարքերում են, պետք է ամբողջությամբ ենթարկվեն բանակի հրամանատարությանը՝ սահմանի տարբեր հատվածներում պաշտպանական գիծը պահելու իրենց առաքելությունը կատարեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ