«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Դա, ըստ ռուսական լրատվամիջոցի, արվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով։
Այսօր ավելի վաղ Մատվիենկոն քննադատել էր Հայաստանի ԱԺ նախագահի՝ Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների հավաքի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, պնդելով, թե իր հայ պաշտոնակիցը «հատել է բոլոր կարմիր գծերը»։
Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
Հայաստանի ԱԺ նախագահն իր ելույթում նաև նշել էր՝ Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում, ընդգծելով. – «Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»
Կարդացեք նաև
«Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է», – ասել էր Ալեն Սիմոնյանը: