«Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը «լկտի սուտ» որակեց ԵԿՄ Տավուշի նախագահ Յուրա Հարությունյանի պնդումները, թե ապրիլի 21-ին դեպի Բագրատաշեն ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈւԱԶ-ով քշելու միջադեպի ժամանակ հենց «Մարտական եղբայրության» ակտիվներից մեկն է դանակով մեքենայի ակը վնասել:
«Լկտի սուտ է, նախ ինչ դանակ, մեզ մոտ դանակ չենք պահում, որովհետեւ դանակը մերը չէ: Երկրորդ՝ Գառնիկ Դանիելյանը (խմբ. ԱԺ պատգամավոր) կամ «Մարտական եղբայրությունը» չեն այնտեղ եղել որոշողը՝ ճանապարհը բացվի՞, թե՞՝ ոչ: Մեր տղերքը կանգնած են եղել, որոշողները եղել են Նոյեմբերյանում ապրող, արարող տղերքը, որոնք մեր ընկերներն են ու մեզ խնդրել են՝ տղերք, ձեր օգնության կարիքն ունենք »,- Aravot.am-ին ասաց Ավետիս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ էր եղել, ինչը, ըստ Մարտական Եղբայրության հայտարարության, եղել է Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Հարությունյանի կողմից: Վերջինս էլ ավելի ուշ Armlur.am-ին տված հարցազրույցում հերքել էր՝ ասելով, որ ինքը նման հրաման չի տվել եւ պարզաբանել, թե մի շարք քաղաքացիներ, որոնք թաղման արարողությունից էին գալիս, մեկ այլ քաղաքացի թեւը կոտրած երեխային էր բժշկի տանում՝ իրեն խնդրել են, որ օգնի ճանապարհը բացեն, իրենք գնան: Ինքն էլ այդ հարցով դիմել է դեպքի վայրում գտնվող ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Ըստ Հարությունյանի, երբ Գառնիկ Դանիելյանը ժողովրդին հարցրել է՝ հիմա թույլ տալի՞ս եք ճանապարհը բացենք, որ անցնեն, «Մարտական եղբայրության» ակտիվիստներից մեկն ասել է՝ չէ, չենք բացելու ու նրանցից մեկը դանակը հանել է վիլիսի ակը վնասել, ինչ-որ մեկն էլ շշով խփել ավտոյին, ինչից հետո ժողովուրդը հարձակվել է՝ գոռալով, շուռ տվեք էս ավտոն:
«Կարող է այդ խցանման մեջ, իրոք, լինեն մարդիկ, որոնք թաղում էին գնում կամ թաղումից էին գալիս: Ո՞վ կարող է իմանալ, 2018-ին, որ իրենք փողոցները փակում էին, թաղում գնացողներ չկայի՞ն կամ հարսանիք գնացողներ: Կային, բայց ո՞վ էր հարցնում: Տեսագրության մեջ պարզ երեւում է, թե ինքը ոնց էր խոսում: Նույն Արման Պետրոսյանին, որ այսօր մեկ ամսվա կալանք տվեցին, մարդը փորձում է հետը հանգիստ խոսի, բացատրի, որ բախում չլինի՝ հաշվի առնելով այդ մարդու անցած ուղին, քանի որ մենք մարտական ուղի անցած տղերք ենք ու հանուն համերաշխության: Բայց այդ մարդը, հերիք չէ, որ չի պահել այդ համերաշխությունը, հայհոյել է, երբ մռթին էլ կերել է, փախել ոստիկանների հետեւը կանգնել, գոռում էր՝ բռնեք սրանց: Ինքը էդ ձեւի մարդ է: Տեսանյութերում էլ է երեւում, որ սադրում էր մարդկանց, հայհոյում էր ու չէր սպասում, որ էդտեղ կարող են տղերք լինել, որ բերնին կտան ու Արմանը էդտեղ էր: Ով որ ավտոն քշել է մարդկանց վրա, այդ մարդուն չեն բռնել, Արմանը, որ այդ ժողովրդին պահել է, չի թողել, որ ավտոն քշեն իրենց վրա, հայհոյանքին պատասխանել է, էդ մարդուն բռնում ու կալանքի են տանում»:
Կարդացեք նաև
Արման Պետրոսյանը «Մարտական եղբայրության» ձերբակալված 7 անձանցից մեկն է, որին մեղադրանք են առաջադրել եւ այսօր դատարանի որոշմամբ մեկ ամսյա կալանք կիրառել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ