«Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն։ Նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանի կողմից»,- Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի առարկությունների ներկայացման ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի պնդումներին։
Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն ՀՀ-ին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունն ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ ՀՀ-ն օկուպանտ, առավել ևս ագրեսոր պետություն է․ «Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի հետ՝ այդ թվում շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Երևանի կենտրոնում ռասիստական կոչերով ցույցեր են իրականացվում, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Անգամ Ադրբեջանի ներկայացրած սահիկներից է պարզ դառնում՝ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 15-ը, և զարմանալի չէ, որ մարգինալ որոշ խմբեր երբեմն չարաշահում են արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակությունում։ ՀՀ-ն այս առումով չի տարբերվում որևէ ժողովրդավար հասարակությունից։ Ադրբեջանը Ձեզ փորձում էր համոզել, որ Ադրբեջանում ազատ արտահայտվելու իրավունքը կարելի է իրացնել միայն Լաչինի միջանցքում»։
Եղիշե Կիրակոսյանը դատարանին ներկայացրեց ՀՀ-ի առարկությունները․ «ՀՀ-ն միջնորդում է դատարանին բավարարել ՀՀ-ի ներկայացրած նախնական առարկությունները՝ կապված դատարանի իրավազորության ժամկետի շրջանակի հետ և որոշել ու հաստատել, որ դատարանն իրավազորություն չունի այն պահանջների և պնդումների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել մինչև 1996-ի սեպտեմբերի 15-ը՝ կողմերի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։
Կարդացեք նաև
Որպես այլընտրանք բավարարել ՀՀ-ի նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջներն ու պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996-ը և անընդունելի ու անթույլատրելի ճանաչել Ադրբեջանի այդ փաստարկները։
Բավարարել ՀՀ-ի ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի՝ գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ և որոշմամբ հաստատել, որ դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ՝ Ադրբեջանի ներկայացրած պնդումները և պահանջները։ Բավարարել ՀՀ-ի նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի իրավազորության առարկայական շրջանակին և հաստատել, որ դատարանն իրավունք չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների ու պնդումների համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ