Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը պահանջի, թե իրավասու է բողոքներ ներկայացնել այն արարքների կամ գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել իր՝ Կոնվենցիային միանալուց առաջ»․ Լոուրենս Մարտին

Ապրիլ 24,2024 21:21

«Այդ համակարգված գործընթացի նպատակն էր տպավորություն ստեղծել, թե այս գործով էական ամսաթվի խնդիրը կարևոր չէ, և այդ ամենը համակցված ներկայացվում է մեկ փաթեթով՝ այսօրվա իրադարձությունների հետ ամբողջական՝ որպես մեկ ժամանակաշրջան։ Մեր ընկերների ջանքերն ապարդյուն են։ ՀՀ-ն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին՝ Ադրբեջանի պնդումները»,- Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը՝ անդրադառնալով դատարանի ժամկետային իրավազորության հարցին և Ադրբեջանի պնդումներին։

Նրա փաստմամբ՝ ներկայումս էականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանի ներկայացուցչի փաստական պնդումների համաձայն՝ ցանկացած ենթադրյալ էթնիկ զտում ավարտված է եղել 1994-ի դրությամբ, նախքան 1996-ի սեպտեմբերը, ինչն այս գործով վճռորոշ է։ Ուստի ըստ փաստաբանի՝ դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից ներկայացվող այն փաստերը, որոնք առանձին միջադեպերի են վերաբերվում և էթնիկ զտման մաս չեն․ «Թույլ տալ, որ Ադրբեջանը նման պահանջներ ներկայացնի նախքան 1996-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, Կոնվենցիայի հետադարձ կիրառության տեղիք կտար։ Մենք ներկայումս հետադարձ խնդրի մասին չենք խոսում։ Ադրբեջանը փորձում է 22-րդ հոդվածով հետ գնալ ժամանակի մեջ և պնդել, թե իրավունք ունի հարցեր բարձրացնել Կոնվենցիայով՝ ՀՀ-ի պարտավորությունների առնչությամբ այն ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ն այդ պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել։ 22-րդ հոդվածը պարզապես չի կարելի այդ կերպ մեկնաբանել։ Ադրբեջանի այս ջանքերը պետք է չթույլատրվեն»։

Լոուրենս Մարտինը հավաստիացրեց՝ պայմանագրային իրավունքները և պարտավորություններն իրենց բնույթով փաթեթային են․ «Մեր պարագայում, եթե պետությունը որևէ պարտավորություն չունի պայմանագրի՝ իր համար ուժի մեջ մտնելուց առաջ որևէ գործողության ու փաստի առնչությամբ, նույն պետությունը չի կարող այդ գործողությունների ու փաստերի հետ կապված իրավունքներ ունենալ։ Դա նշանակում է, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը, այդ իրավունքը գործադրելով, պահանջի, թե իրավասու է բողոքներ ներկայացնել այն արարքների կամ գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել այդ ամսաթվերից առաջ։ Նման պնդումները դուրս են գործի քննության՝ ժամկետային շրջանակից։ Եթե դատարանը բավարարի Ադրբեջանի պնդումը, թե էական ամսաթվից առաջ բնակչության տեղահանությունը կարող է մտնել դատարանի իրավազորության մեջ, ապա Հայաստանը, բնականաբար, կկարողանա ներկայացնել բազմաթիվ հակընդդեմ պահանջներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930