Սյունիքի մարզային գրադարանում նախօրեին Հայոց ցեղասպանությունից փրկված Ջիվան Արիստակեսյանի (Ջահ Ջիվան՝ գրական անունն է–հեղ․) երկրորդ «Մատյան-շիվեր» գրքի շնորհանդեսն է։ Գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը այն՝ հեղինակի առաջին գրքի՝ 2008-ին հրատարակված «Այրվող հորիզոններով քայլողը» վեպի բանաստեղծական արտացոլանքն է համարում։ Եղեռնի պատկերներն ու հայրենազրկման ողբերգությունը չեն մոռացվում, անհատի ցասումն ու վրեժի կոչն էլ դառնում են մարդկային ու աստվածային արդարության պահանջ։
«Փորձում է խոսել մոր մասին՝ դարձյալ եղեռնապատկեր, փորձում է խոսել գեղեցիկ հայ հարսների մասին եւ խորհուրդներ տալ՝ դարձյալ եղեռնապատկեր։ Ինչից ցանկանում է խոսել՝ նրան չի լքել այն պատկերը, որ ողջ կյանքում կրել է»,-ասում է Մհեր Քումունցը՝ հիշեցնելով, որ «հեղինակը խորհրդային տարիներին է ստեղծագործել՝ զգուշավոր, բայց ոչ վախվորած»։
Կարդացեք նաև
Հուշեր են պատմում Ջահ Ջիվանի աշակերտները, նրան ճանաչողները՝ նշելով, որ Ջիվան Արիստակեսյանը «Կապանի Հովհաննես Շիրազն է»։
1915 թվականին Ջիվան Արիստակեսյանը 10 տարեկան էր։ Թուրքերը սպանում են նրա հարազատներին ու Ջիվանին փրկում է հարեւան քրդերից մեկը՝ հայ տղային դարձնելով իր տան ծառան։ Ջիվանի անունը՝ փոխում են Խալիլ ու նա քրդերի հետ թափառում է ողջ Արեւմտյան Հայաստանում՝ ակամա մասնակցելով հայկական գյուղերի թալանին։ Գրում է՝ որ շատ էր վախենում մոռանալ իր հայկական անունն ու անընդհատ կրկնում էր, որ չմոռանա։ 11-ամյա Ջիվանը քրդական ընտանիքից փախչում է Տրապիզոնի հայկական որբանոց, հետո Հունաստան։ Հայրենադարձների առաջին խմբերի հետ գալիս է Խորհրդային Հայաստան, ավարտում Երեւանի համալսարանը, գործուղվում Կապան եւ բնակություն հաստատում այստեղ՝ լինելով քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրենը։
Ջահ Ջիվանն իր 5 որդիներին միշտ պատմել է Եղեռնի սարսափների մասին՝ չմոռանալով հայրենի տան կարոտը։ Որդիներն առաջարկում են հորը տանել Արեւմտյան Հայաստան։ Նա չի ցանկանում վերապրել մանկության սարսափները՝ ասելով, որ միայն կուզենար իրեն փրկած քուրդ Իսմիլ պապիկի գերեզմանին ծաղիկ դնել։ Զավակներից Սասունիտը փորձում է գտնել հոր հերոսուհիներից մեկին՝ Զարիկի շառավիղներին։ Ըստ պատմության՝ 13 տարեկան Զարիկը կոտորածներից փրկվելու համար ստիպված ամուսնանում է իրենից բավականին տարիքով ազգությամբ քուրդ տղամարդու հետ։ Սասունիտին հաջողվում է գտնել Զարիկի թոռներից մեկին ու 2013թ-ին գնում է հոր ծննդավայրը՝ Խնձրի գյուղը, որը հիմա Բողազլի է կոչվում։ Սասունիտ Արիստակեսյանը՝ որդու Ջիվանի հետ շրջում է գյուղում, հարցուփորձ անում, լուսանկարահանում ու տեսաձայնագրում։ Անծանոթներից տեղացիները հետաքրքրվում են, թե ի՞նչ գործ ունեն իրենց գյուղում։
«Սխալվեցի ասեցի՝ Հայաստանից եմ, հայ եմ, Ռստակեսի թոռն եմ, հետեւիցս վազեցին՝ թե եկել ես ոսկինե՞րը տանես, դու իրավունք չունես այստեղ լինելու, հիմա ժանդարմ կկանչեմ»,-հիշում է Սասունիտ Արիստակեսյանը։ Վախենալով՝ որ ժանդարմները կարող են գալ ու իրենց ողջ նկարածն ու տեսագրածը ոչնչացնել, շտապում են գյուղի մեկ այլ հատվածում գտնվող տներից մեկը, որպեսզի գիշերեն, 5 հատ քար վերցնեն այդտեղից՝ որպես հուշ ու վերադառնան Հայաստան։ Վերծանելով հոր շարադրանքը՝ Սասունիտը պարզում է, որ ինքն գիշերել է իր պապական տանը։
«Մատյան-շիվեր» գրքի խմբագիր Մհեր Քումունցի ցանկությունը մեկն է՝ բոլորը կարողանան ճիշտ մեկնել եղեռն, գաղթ, հայրենազրկում, աքսոր, գերություն տեսած մարդու հոգու մատյանը։ Այդ մատյանի ցավոտ տողերից պիտի շիվեր հառնեն՝ վրեժոտ, հատուցման պահանջով։
Մհեր Քումունցը մեջբերում է Ջիվան Արիստակեսյանի տողերը, որոնք կարծես այժմեական են՝ «Թուրքն է խուժել, մեր տուն ու տեղ ողջ ավերել: Հաշտեցո՞ւմ եք առաջարկում․․․․»։
Շարունակությունը տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ