«Եթե դուք կարծում եք, որ առանց ժողովրդի կարող եք հարց լուծեք, չարաչար սխալվում եք: Եկեք միասնաբար մեր երկիրը փրկենք, կապ չունի ով ինչ է, ով է, ով որտեղ է ծառայում, որտեղ է աշխատում, որտեղ է մնում: ՀՀ-ն հավերժ է»,- այսօր հայտարարեցին Հանրապետության հրապարակում «Մերժիր գժին» կարգախոսով հանրահավաքի ժամանակ: Այն կազմակերպել էր ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը: Ներկա էին Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնի» ներկայացուցիչները:
Ցուցարարներն ասում էին, որ իրենք Փաշինյանին չեն ընտրել: Հանրահավաքին ներկա էր «հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանը: Նա ասաց. «Շատերդ ինձ ճանաչում եք՝ որպես Նիկոլ Փաշինյանի իշխանության նախկին մաս կազմող կազմակերպություն, սակայն ես եկել եմ, որպեսզի ձեզ ասեմ, որ լինելով էս իշխանության մեջ, ունենալով պետական պաշտոն, ունենալով բարեկեցություն ապահովելու բոլոր հնարավորությունները, ինչպես որ սրանք հիմա իրենց ապահովել են, ես եկել եմ եզրակացության, որ չի կարելի անցնել կարմիր գծերը, չի կարելի Հայաստանի սահմանները փոխել փողով, չի կարելի բարեկեցությամբ փոխել ՀՀ-ի՝ զինվորի արյամբ գծված սահմանը: Ես խնդրում եմ ու իմ օրինակով եմ ասում՝ եկեք բոլորս մեր մեջ, էն մարդիկ,լ ովքեր 2018-ին այստեղ կանգնած ենք եղել, նախեւառաջ ընդունենք մեր մեջ, որ սխալվել ենք:
Մեզ կարողացել է խաբել, մեզ կարողացել է մանիպուլացնել: Ես ներողություն եմ խնդրում ՀՀ ժողովրդից, որ չեմ հասկացել, ժամանակին չեմ տեսել սատանան եւ պաշտպանել եմ սրան: 2020-ի նոյեմբերի 9-ին ես, «Հեղափոխության պահապաններ» թիմը, համոզված լինելով, որ մենք պաշտպանում ենք Հայաստանի ղեկավարին, գնացել ենք կառավարական ամառանոց եւ շաբաթներ շարունակ պաշտպանել ենք այս մարդուն: Ինչի ենք դա արել: Մենք մտածել ենք, որ մենք ճիշտ ենք, չի խաբում: Ժողովուրդ ջան, ե՛ս եմ ձեզ ասում, այդ մարդուն ճանաչելով եմ ասում՝ ստախո՛ս է, մանիպուլյացիաներով, սուտ խոստումներով եկել է իշխանության ու նպատակը միայն իշխանությունը, աթոռը պահելն է ամեն գնով: Նիկոլը պատրաստ է իր իշխանությունը պահի ՀՀ ինքնիշխանության գնով, ՀՀ սահմանները վտանգելով: Բոլոր տեսակի ծառայությունները պատրաստ է մատուցել օտար ուժերին, որպեսզի մնա իր աթոռին»:
Նա ասաց, որ պաշտոնի առաջարկ էլ է ստացել, բայց հրաժարվել է՝ հայտարարելով, որ Փաշինյանը «սրիկայություն» է անում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ