Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղերձում նենգորեն անցկացվում է թշնամու այն միտքը, որ մեր մեղքով ենք ենթարկվում ցեղասպանական ցնցումների. Գարեգին Չուգասզյան

Ապրիլ 24,2024 20:00

«Բեւեռը միշտ ապրիլ 24-ը դիտել է թե ցեղասպանության նահատակների ոգեկոչման օր, եւ թե այն հերոսական պայքարի ոգեկոչման օր, որը մղվել է մեր Ցեղասպանության տարիներին: Մենք գիտենք այն վտակները դիմադրության, որոնք ստեղծվել էին Մուսա լեռում, Վանում, Ուրֆայում, Սեբաստիայում, Շապին Գարահիսարում…Դրանք ի վերջո միավորվեցին եւ 1918 թվականին եւ նպաստեցին անկախ Հայաստանի ստեղծմանը:

Ամեն անգամ, երբ հիշենք մեր պատմության տխուր էջերը, պիտի հիշենք նաեւ ամենածանր վիճակում հայ ժողովրդի մղած հերոսական պայքարը, որը կարողացել է փյունիկի նման վերականգնվել»,-Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նա անդրադարձավ երեկ եւ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով հղված ուղերձներին, ցեղասպանության ենթարկված Արցախին, միջազգային իրավիճակին:

«Խաղաղ կապիտուլյացիայի առաջին սահմանասյունը տնկողների թեթեւ ձեռքով սկսվում է Տավուշի հայկական բնակավայրերի հայաթափումը, անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման հայտնված մեր ժողովուրդը դեռ երբեք չի եղել այնքան վտանգված, ինչպես այսօր: Վտանգը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական հայրենազրկմանը, այլեւ հոգեւոր»,-ասաց Գարեգին Չուգասզյանը

Նա փաստեց, որ Փաշինյանի եւ հայ բարձրաստիճան պաշտոնյաների ու Էրդողանի ուղերձները նույնաբովանդակ են, հավելեց, որ այս իշխանությունների կողմից ուրացումը սիստեմատիկ բնույթ է կրում: Բեւեռի խորհրդի անդամի խոսքով. «Իրար պասեր տալով, հոգեբանական հիպնոսացման են ենթարկում հայ ժողովրդին, ցեղասպանության հարուցած իր բառերով ասած` հոգեցունց վիճակից ազատված Փաշինյանի ուղերձում ոչ միայն չկա 1915-1923 թվականների կատարվածի իրավական գնահատականը, ոչ միայն լռության է մատնված հայրենիքի մի ամբողջ մարզի՝ Արցախի 9-ամսյա պաշարումը եւ հետագա էթնիկ զտումը, այլեւ ինքնախարազանման կոչ է ուղղվում հայ ժողովրդին՝ նենգորեն անցկացնելով թշնամու այն միտքը, որ գուցե հենց մեր մեղքով է, որ անընդհատ ենթարկվում ենք ցեղասպանական ցնցումների»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930