Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ձեռքերի կռիվ չի, սա գաղափարի՛ կռիվ է, մարդկայի՛ն կռիվ է, արժանապատվությա՛ն կռիվ է». «Մերժիր գժին» հանրահավաք՝ հրապարակում

Ապրիլ 24,2024 19:25

Այսօր «Մերժիր գժին» կարգախոսով հանրահավաք էր կազմակերպվել Հանրապետության հրապարակում: Նման կոչով երեկ հանդես էր եկել ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Ցույցին մասնակցում էր ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա ասաց, որ որպես մտահոգ քաղաքացի է եկել, որովհետեւ գտնում է, որ մեր երկիրը չպիտի «մսխվի». «Չպիտի այսպես տրորեն, անցնեն, թքեն մեր երեսին, մեր արժանապատվության երեսին ու անպատիժ մնան: Այս կառավարության շքեղ շենքում որ բազմում է այդ անգործունյան, ինչո՞ւ չի արձագանքել Էրդողանի այն հայտարարությանը, որ մենք պետք է անհարկի դեն նետենք անհարկի հիշողությունները: Բա դու վարչապետ ես կոչվում ոչ բարով, դու մի հատ կարծիք խի՞ չես հայտնում»:

Ինչպես հայտնի է, այսօր Ծիծեռնակաբերդում միջադեպ էր եղել, երբ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Արփիի հետ այցելել էր, նրան դիմավորել էին «Նիկոլ, ցեղասպան, «Նիկոլ, հողատու» կոչերով: Գեւորգ Պետրոսյանն ասաց՝ «ձայն բազմաց՝ ձայն Աստծո». «Ժողովուրդը եթե գտել է ինքը դավաճան է, ասել է իր կարծիքը: Ես ժողովրդի կարծիքը վիճարկելու իրավունք, հիմք եւ ցանկություն չունեմ: Նիկոլ Փաշինյանի անպատկառությունը նաեւ կայանում է նրանում, որ ինքը սեփական անվտանգությունը ապահովելու համար պատրաստ է նաեւ վնասել իր երեխայի արժանապատվությունը: Մեկը՝ ես, եթե իմանամ, որ մի տեղ մտնում եմ ու իմ երեխեն պետք է իմ ներկայությունից պիտի գետինը մտնի, ես չեմ մտնի այդտեղ: Այ տղա, Նիկո՛լ, խի՞ պիտի քո երեխան էդ տարիքում քո պատճառով ամաչի, գետինը մտնի»:

Ցուցարարների թվում էին նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի անդամները: Բանախոսներից մեկը բարձրախոսով հայտարարեց. «Նիկոլից պահանջում ենք Հայաստանի առկա սահմանների ճանաչում, եթե ոչ, մենք կհասնենք նրա վռնդմանը: Մենք կարող ենք պաշտպանել մեր սահմանները»: Տեղից ցուցարարները հակադարձեցին. «Բայց Նիկոլը չի ճանաչելու, ինչի՞ եք նոր օրակարգ առաջ բերում»: Նա արձագանքեց, որ եթե միասնաբար գործեն, Փաշինյանը ուզի-չուզի կհեռանա: Ցուցարարները պահանջում էին այլ բան, գոռում էին՝ «գնդակահարում, կախե՛լ»: Ցուցարարներից մեկն ասաց, որ «պետք է կախել նրան, ես նաղդ կախող եմ»:

Բանախոսն ասաց, որ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը Հանրապետության հրապարակն է եւ միասնությունը. «Սա ձեռքերի կռիվ չի, սա գաղափարի՛ կռիվ է, մարդկայի՛ն կռիվ է, արժանապատվությա՛ն կռիվ է, ազգի՛ կռիվ է: Միայն ասելով չի, գործե՛լ է պետք: 100 հազար հավաքվեք, տեսեք ոնց է հեռանում, սուսուփուս պոչը հավաքելու, փախչելու է»:

Հանրապետության հրապարակում այս հանրահավաքից հետո ոստիկանները բերման են ենթարկել 1 հոգու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար: Եվս 5 անձի բերման են ենթարկել Իսակովի պողոտայից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930