Ջաջուռի կամ Հերհերի ձորում, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին Շիրակի ու Լոռու մարզի բնակիչները ծաղիկներ են խոնարհում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, պետական կառույցների, բուհերի, ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներից բացի՝ հանդիպեցինք Ջաջուռի գյուղի բնակչուհի Նելլի Գևորգյանին, որի տատիկի մայրը դաժանորեն սպանվել է թուրքերի կողմից։
Կինը պատմելիս՝ փշաքաղվում էր, աչքերում արցունքներն էին հայտնվում, երբեմն էլ զայրանում էր՝ հայտարարելով, որ անհնար է ներել թուրքին, նրանց հետ խաղաղ ապրելը զուրկ է տրամաբանությունից։
«Տատիկիս մամային՝ Սալվիին են սպանել։ Նա կրել է ամուսնու ազգանունը՝ Հովհաննիսյան, գյուղում՝ Ջաջուռում, Հովո ազգ են անվանել։ Նրանք խոտի մարագ են ունեցել, երբ թուրքերը եկել են, այդ մարագի մեջ տատիկիս մաշկահանել են, տիկ են հանել, խոտ լցրել մարմնի մեջ ու կախել։ Այդպիսի դաժանություն․․․ Թուրքին երբեք չես կարող ներել։
Կարդացեք նաև
Ես ինքս մասնակցել եմ 92 թվականի արցախյան պատերազմին՝ որպես բուժքույր, ես նորից կասեմ՝ թուրքն աններելի է։ Այս արարքները, որ պատմում են, որ լսում ես՝ ինչպես են բնաջնջել նախնիներիդ, համոզվում ես, որ չես կարող թուրքի հետ առևտուր անել, շփվել, ինչպես որ վերջերս հայտարարում են։ Մեր միջից անհնար է արմատախիլ անել այս ամենը»։
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ տատիկի մայրը ունեցել է 9 եղբայր, 9-ին էլ թուրքերն են մորթել՝ մեկին գնացքի տակ գցելով, մյուսին՝ տեղում սպանել, տատիկը Հովո կոչվող ազգից մնացել էր մեն մենակ։
«Տատիկս կրկնում էր մոր խոսքերը, որն ասել էր, որ իր մի եղբոր հարսանիքի հացը եղել է մյուս եղբոր հոգու հացը։
Տատիկս պատմում էր, մեզ թվում էր հեքիաթ է պատմում, երեխա էինք, ուղեղներիս չէր հասնում։ Տատիկս մինչև 88 տարեկան ապրեց, 90-ականների արցախյան պատերազմին նոր մենք հասկացանք, թե ինչեր են արել թուրքերը ու մինչև հիմա էլ շարունակում են իրենց սև գործը»,- ասաց Նելլի Գևորգյանը։
Նա ասաց, որ այդ հսկա ազգից շատերին բնաջնջել են։
«Պատմում են, որ այդ տատիկս մի անգամ փրկվել է, կապուտաչյա կին է եղել, մրոտել է երեսը, մտել թոնրի մեջ, կեղտոտել է իրեն, դուրս եկել, թուրքերը իրեն չեն հավանել, չեն տարել։ Իսկ տեգրոջ կնոջը, որն էլի կապույտ աչքերով, սպիտակամորթ, գեղեցիկ կին է եղել, տարել են, բայց հետո չգիտես ինչպես հետ են բերել։
Այս ազգը ոսկեղեն է ունեցել, սաղ թալանել են թուրքերը»։
Նելլի Գևորգյանի մոր տատիկն էլ՝ Նխշուն անունով, նման մի դաժան պատմության միջով է անցել։ Նա էլ մազապուրծ փրկվել է, փախել է Մուշի Խնուս գյուղից, սակայն գաղթի ճանապարհին կորցրել է իր երկու մանկահասակ՝ 5 ամսական և 5 տարեկան երեխաներին։ 5 տարեկան աղջիկը ճանապարհին ջուր է ուզել, չեն ճարել, չի դիմացել, վատացել է, մահացել։
Մեր զրուցակիցն ասաց, որ իր մայրն արդեն 86 տարեկան է։ Ամեն տարի մորը բերում են Ջարդի ձոր, որպեսզի ծաղիկներ խոնարհի նախնիների հիշատակին, այս տարի եկել են առանց նրա։ Մայրը միշտ գալիս է Ջարդի ձոր, հուշաքարի մոտ մոմ է վառում, իր համար այն սրբավայր է, համարում է, որ նախնիների գերեզմանն է։
Զրույցի ավարտին Նելլի Գևորգյանը հարցնում էր՝ այսքանից հետո ի՞նչ խաղաղություն, ո՞ւմ հետ գնաս խաղաղության, քեզ ոչնչացնողի՞։
Նրա եղբայրները ևս ազատամարտիկներ են եղել, մեկը զոհվել է, մյուսը՝ ծանր սթրեսից մահացել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ