«Գիտեմ, որ դեռևս 2006-ից ՀՀ-ում ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է քրեական օրենսգրքով»,- լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերին սպասարկումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Կանխելու միայն մեկ ձև կա․ իրենց պետք է ուղարկել իրենց տեղերը։ Այդքան մի բան»։
Հստակեցմանը՝ այս իշխանություններին հեռացնելու ժամանակը ե՞րբ է գալու, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ երբ դուք պատրաստ կլինեք։
Հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում Տավուշում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև։ Սահմանազատմանը պետք է նախորդի ինչ-որ մի համաձայնագիր։ Մենք չգիտենք՝ հիմա ինչ սկզբունքով է արվում։ Արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՝ ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան տալը»։
Կարդացեք նաև
Իշխանությունն ասում է, որ այս գործընթացը խաղաղության ճանապարհին քայլ է և աննախադեպ իրադարձություն է տեղի ունենում և հարցին՝ Դուք կարծում եք, որ խաղաղության համար կարո՞ղ է հիմք լինել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․ «Ես չեմ տեսնում, որ այդ գործընթացը մեզ տանում է խաղաղության, ընդհակառակը, տանում է հետագա բարդությունների։ Խաղաղությունը երևի փաստաթղթով ամրապնդվում է, այնուհետև գործողություններ են իրականացվում։ Իսկ չգիտես՝ ինչու մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ գործերում»։
Հարցին՝ ի՞նչ եք առաջարկում՝ հատկապես հաշվի առնելով, որ արդեն գործնականում սկսել են իրականացնել գործողություններ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես ասացի՝ լուծումների կարևորագույն լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացումն է, քանի որ իրենք չունեն որևէ ունակություն, գիտելիք գոնե կառավարման ասպարեզում»։
Իսկ թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել այս իշխանություններին՝ ըստ Սերժ Սարգսյանի՝ պատճառներից մեկն այն է, որ չկան միասնական մոտեցումներ և կա արտաքին սատարում այս իշխանությունների։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի բոլոր անուն-ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Այս նախաձեռնության մասին Սերժ Սարգսյանն ասաց․ «Դա հիմարություն է, այդպիսի բան լինել չի կարող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ