Ermenihaber. Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված և 1.5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությանը:
Քեսքինը Հայոց ցեղասպանությունը հիշելու, այն ընդունելու և զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար իրեն և իր գաղափարակիցներին վիրավորողներին կոչ է արել հաշվի նստել ցեղասպանության իրողության հետ:
«Այս հարցի պատճառով մեզ շատ անգամ են սպառնացել և վիրավորել: Գուցե, պետք է կոչով դիմել մեզ սպառնացողներին և վիրավորողներին. երբ այս հարցը քննարկվի, այն կազատի նաև ձեզ: Եթե ցանկանում ժողովրդավարացում, եթե ինքներդ ձեզ համար իրավունք եք պահանջում, ապա անհրաժեշտ է անպայմանորեն քննարկել 1915-ի գործընթացը»,-ասել է նա:
Նշենք, որ Քեսքինը և İHD-ի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Գյուլիստան Յարքըն İHD-ի 2021-ին Սուլթանահմեդի անվան հրապարակում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման պատճառով ներքաշվել են դատական պրոցեսների մեջ:
Կարդացեք նաև
Նրանց՝ Քեսքինի և Յարքընի նկատմամբ դատական գործեր են հարուցվել այնպես, ինչպես հարուցվել են նաև «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) մի շարք անդամների նկատմամբ:
Էրեն Քեսքինը ծնվել է 1959 թ. ապրիլի 24-ին Բուրսա քաղաքում։ Հայրը քուրդ է, իսկ մայրը՝ չերքեզ։ Ընտանիքի ազդեցությամբ՝ նրա մոտ համակրանք է ձևավորվել ձախական քաղաքականության նկատմամբ։ Սովորելով Ստամբուլի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ նա իրականացրել է փաստաբան դառնալու իր երազանքն ու սկսել քաղաքական ուղղվածություն ունեցող դատական գործեր վարելու պրակտիկան։ Նա 1989 թվականից անդամակցում է Մարդու իրավունքների միությանը, ինչ–որ ժամանակ ստանձնել է նաև միության նախագահի պաշտոնը։
1990-ականներին հաստատված ռազմական դրության ժամանակ, երբ քրդաբնակ տարածաշրջաններում պետականորեն իրականացվում էր պարեկային ռեժիմ, հովանավորվում էին գույքի հրկիզումները, չբացահայտվող սպանություններն ու մարդկանց անհետացումները, նա անդամակցում էր տարածաշրջանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների դեմ պայքարող կոմիտեների։ Տարածաշրջան կատարած իր այցերի ժամանակ նա ենթարկվել է բանավոր և ֆիզիկական, ներառյալ՝ զինված հարձակումների։