Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի կիրառման և ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Ոչինչ հնարավոր չէ մոռանալ և ներել, եթե չկա հանցանքի գիտակցությունն անգամ. Մարության

Ապրիլ 24,2024 16:48

Հայկ Մարությանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի ժողովուրդ,

Այսօր համայն հայությունն ու առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Իհարկե, ցեղասպանությունը չի սկսվել 1915թ.-ի ապրիլի 24-ին։ Այն սկսվել է դրանից առաջ եւ շարունակվում է մինչեւ օրս։ Հայերի նկատմամբ ցեղասպանության վերջին ամենաաղաղակող ակտը կատարվեց 2023թ.-ի սեպտեմբերին, երբ Արցախի ամբողջ բնակչությունը հարկադրված լքեց իր տունը՝ իր պատմական հայրենիքում ապրելու անհնարինության պայմաններում։ Եվ անշուշտ, 2023 թվականը հետեւանքն է 1915թ.-ի ժխտողականության։

Մենք կարող ենք գեղեցիկ տեքստեր ասել խաղաղ գոյակցության անհրաժեշտության մասին։ Իհարկե, յուրաքանչյուր բանական էակ ձգտում է խաղաղության։ Եվ հենց հանուն տեւական խաղաղության, հանուն արժանապատիվ ու անկեղծ երկխոսության, պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից, այլեւ պարզապես անարդյունավետ կլիներ։ Որովհետեւ իր հանցանքը ժխտող ոճրագործից հնարավոր չէ ակնկալել, որ հանցանքը չի կրկնվելու։ Ամենածանր հանցանքն իսկ ներելի կլիներ, եթե լիներ զղջում, եւ հակառակը՝ ոչինչ հնարավոր չէ մոռանալ եւ ներել, եթե չկա հանցանքի գիտակցությունն անգամ։

Սիրելի հայրենակիցներ։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը մեր հասարակությունը սովորաբար լուռ է սգում։ Այսօր, ցավոք,  մեր մեջ կասկածի ցեց են գցել, ու ոգեկոչման խոսքերից բացի, մենք ստիպված ենք վերահաստատել մեր միասնական դիրքորոշումը եւ մի քանի պարզ ճշմարտություններ արձանագրել։

– Ոճրագործության մեղավորը կամ պատասխանատուն չի՛ կարող զոհը լինել։ Ոճրագործության պատասխանատուն ոճրագործն է։ Սա հնարավոր չէ թաքցնել պաշտոնական ուղերձների ճոռոմ բառերի հետեւում, որոնք ասվում են արտաքին ճնշման կամ ներքին քաղաքական նպատակահարմարության բերումով։
– Ազգի ու հասարակության ինքնության հետ տարվող էքսպերիմենտները ծայրահեղ վտանգավոր են եւ կարող են ողբերգական ավարտ ունենալ, առաջին հերթին «փորձարարների» համար։
– Եվ վերջապես՝ արժանապատիվ հաշտությունն ու համակեցությունը անհրաժեշտ են եւ միանգամայն հնարավոր։ Սակայն դրա շուրջ խոսակցություն չի կարող վարել մեկը, ով իր կարիերայի ընթացքում քանիցս տրամագծորեն փոխել է իր քաղաքական ինքնությունը՝ ինքն էլ խճճվելով իր հորինած կեղծ իրականության մեջ։ Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին։

Մեր սուրբ նահատակների հիշատակը թող ուժ եւ իմաստնություն տա մեզ, եւ Աստված մեզ պահապան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930