«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, գլոբալ ամոթ. ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով եւ Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով այսօր երթ իրականացվեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Երթը նախաձեռնել էին Բաքվի բանտում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերները։ Ցեղասպանության տարելիցի օրը նրանք ոչ միայն հարգանքի տուրք էին մատուցում միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, այլ իրենց զորակցությունը հայտնում հայ գերիներին եւ ապրիլի 5-ից բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին:
Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարեւոր են, քան նույնիսկ կյանքը»:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանի ընկեր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բաքվի բանտերում մեր հայրենակիցները ապօրինաբար են պահվում։ Ռուբեն Վարդանյանը 20 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Վերջին անգամ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրանից զանգ ստացել է ապրիլի 20-ին։
«Զանգահարել է հարազատներին եւ տեղեկացրել, որ իրականում նույնիսկ առողջության ստուգման հետ կապված որեւէ քայլ չի կատարվում, միայն ճնշումն են չափում։ Սա նշանակում է, որ նաեւ շատ ծայրահեղ հակահումանիստական քայլեր են կատարվում այնտեղ։ Եվ աշխարհը սա պետք է իմանա ու հասկանա, որ մենք միայն չպետք է զբաղվենք ցեղասպանությունը հիշելով, նաեւ պետք է արձանագրենք, որ ցեղասպանությունը շարունակվում է։ Շատ կարեւոր է հասցնել այն ուղերձը, որ ընտանիքը պահանջում է, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ունենա այցելելու եւ ստուգելու Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը։ Եվ մենք բոլորով՝ ընկերներով ու գործընկերներով միանում ենք այդ պահանջին։ Աշխարհը պետք է տեսնի եւ հասկանա, սա աշխարհի ամոթն է, համաշխարհային ամոթ է»,- ասաց նա։
Հարցին, թե միջազգային արձագանքը գոհացնո՞ւմ է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այն ծայրահեղ ողբերգական ու հանցագործ քայլերին, որոնք իրականացվում են Ադրբեջանում գտնվող մեր 23 հայրենակիցների նկատմամբ, համաշխարհային արձագանքը համաչափ չէ։ Եվ մարդիկ պետք է հասկանան ամբողջ աշխարհում, որ սա միայն Հայաստանի կամ միայն կոնկրետ մարդկանց խնդիրը չէ։ Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, քաղաքակիրթ աշխարհի ամոթն է»։
Հարցին, թե Ռուբեն Վարդանյանը պատրաստվո՞ւմ է շարունակել հացադուլը, տեղեկություն ունե՞ն, Հայրապետյանը պատասխանեց․ «Հեռախոսազրույցի մասին միայն ունենք այն տեղեկությունները, որոնք ընտանիքը հայտնել է։ Այն է՝ նա ամսի 5-ից սկսած հացադուլ է հայտարարել։ Բնականաբար, նրա առողջական վիճակը լրջագույն անհանգստություն է առաջացնում բոլորիս մոտ, մասնավորապես ընտանիքը հիմա չափազանց անհանգստացած է այդ խնդրով։ Եվ սա եւս մեկ անգամ հուշում է, որ մարդասիրական բոլոր նպատակներից ելնելով՝ միջազգային բոլոր իրավապաշտպանները, պետությունները, ամբողջ աշխարհը պետք է միավորվեն, որպեսզի այս խայտառակությանը վերջ դրվի: Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում բավարար ջանքեր չեն գործադրվում՝ սկսած Հայաստանից, ավարտած բոլոր երկրներով, որոնք պետք է տեսնեն ու հասկանան, թե ինչ աստիճանի հանցագործ ու ցեղասպանական խայտառակություն է տեղի ունենում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ