ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը Հայկական հիշատակման օրվա կապակցությամբ
Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը։
Անողոք արշավը սկիզբ առավ 1915թ․ ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում կալանավորեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին: Հաջորդած օրերին, ամիսներին ու տարիներին մեկևկես միլիոն հայեր ենթարկվեցին տեղահանության, կոտորածների ու մահվան երթերի՝ թողնելով մեկընդմիշտ մասնատված ընտանիքներ ու հանգեցնելով մեկընդմիշտ փոխված սերունդների։
Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև տուրք ենք տալիս հայ ժողովրդի տոկունությանը: Վերապրելով մարդկային պատմության ամենամռայլ գլուխներից մեկը՝ փրկվածները սկսեցին կռել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար: Խիզախումով և նվիրվածությամբ նրանք վերստին կառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք իրենց ներդրումն ունեցան աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ մեր երկրում։ Եւ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու, որ 109 տարի առաջ այս օրը սկիզբ առած զանգվածային վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն։
Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը: Այսօր և ամեն օր, Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության: Մենք շարունակելու ենք ատելությանն ու սարսափին դիմագրավել հույսով և սփոփմամբ: Եւ մենք շարունակելու ենք կանգնել նրանց կողքին, ովքեր ձգտում են մի այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատիվ, անվտանգ և հարգված։