Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյան․ «3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյան Ալիկը դավաճան է։ Եթե որոշ սպաներ ի վիճակի չեն հրաման չկատարել, ավելի լավ է հրաժարվեն իրենց ուսադիրներից, կամ ընտրեն դավաճանություն կամ հանցագործություն»

Ապրիլ 24,2024 15:36

«Ցավոք, այսօր 3-րդ բանակային կորպուսը գեղեցիկ ավանդույթների հունից դուրս է եկել, որոշ պաշտոնների նշանակվել են մարդիկ, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում, թե այդ պաշտոնն ինչ է, չեն էլ հասկանում, թե այդ պաշտոնն ինչպես կարելի է օգտագործել։ 3-րդ բանակային կորպուսը միշտ եղել է հայկական բանակի էլիտան, լավագույն ստորաբաժանումներից մեկը, բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդին։ Կորպուսում պատիվ է եղել ծառայելը, ընտրյալներ են եղել հրամանատարական կազմն ու ընդհանրապես ծառայողները»,-այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանն՝ անդրադառնալով Տավուշում տեղադրված սահմանային սյունին, Ադրբեջանին չորս գյուղերի հանձնելու գործընթացին։

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Տավուշում սահմանազատումից հետո սահմանը հանձնվելու է սահմանապահներին։

«Այսօր մենք մի փաստի առաջ ենք, որ այս իշխանությունները կարողացան քանդել ոչ միայն ԶՈւ-ն՝ նախկինների վրա բարդելով ինչ որ հին զենքեր եւ այլն, նույն հաջողությամբ քանդում են 3-րդ բանակային կորպուսը, որը համարվում է դեռևս ամենապաշտպանված ու ապահով մարտական դիրքերը, պաշտպանական գիծը»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ԶՈւ կանոնադրությունների համաձայն, մեր Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր զինվորական երդում է տվել իր ազգին․ «Ուրեմն՝ յուրաքանչյուր զինվորական ունի իր պարտականությունը, իր մարտական խնդիրը եւ ինքը իրավունք չունի այդ խնդիրները չկատարել՝ պարտավոր է կյանքի գնով պահել եւ պաշտպանել մարտական դիրքը։ Եթե որոշ սպաներ ի վիճակի չեն հրաման չկատարել, ավելի լավ է՝ հրաժարվեն իրենց ուսադիրներից գնան տունը խելոք վեր ընկնեն, կամ ընտրեն երկու ճանապարհ՝ դավաճանության եւ հանցագործության»։

Զինվորականի կարծիքով՝ ավելի լավ է լինել հանցագործ ու ժամանակի ընթացքում ապացուցել քո գործողությունների արդարացի լինելը, քան լինել ցմահ դավաճան ու քո ընտանիքի անդամներին ասեն՝ սա դավաճանի ընտանիք է։

«Ես հիմա բաց կարող եմ ասել՝ մեր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյան Ալիկը դավաճան է, որովհետեւ նա ենթարկվել է այս․․․ ՀՀ-ում համարում եմ չկա լեգիտիմ իշխանություն, իշխանություն չկա, իշխանությունը զավթված է թուրքերի կողմից, բոլորը թուրք են եւ կորպուսի հրամանատարն իր սրբազան պարտքը կատարելու փոխարեն՝ կատարել է դավաճանական քայլ ու զորքերը հետ է քաշել։ Նույնը կարող եմ ասել ԳՇ-ի մասին, ովքեր նման հրաման են տվել ու նման գործընթացին մասնակցել են, ղեկավարել են այդ ամենը, բոլորը պատասխան են տալու, գալու է օրը պատասխան տալու ու բոլորն իրենց տեղը գտնելու են խցերում»։

Նշենք, որ արդեն 6-րդ օրն է՝ քաղաքացիները բողոքի ցույց են անում, փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։ Բողոքի ցույցերը սկսվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930